Ընդդիմությունը Մոսկվայի՞ց «դաբռո» չի ստացել

Ընդդիմությունը Մոսկվայի՞ց «դաբռո» չի ստացել

Ռուս–հայկական համագործակցության «Լազարյան ակումբի» հիմնադիր, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ռուսական ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմից հետո հայաստանյան ընդդիմության իշխանափոխության ծրագրերը տորպեդահարել է Մոսկվան:

Արդյո՞ք ինչ-որ կենտրոնի դրական արձագանքից էր կախված ՀՀ ընդդիմության պայքարը․ MediaHub.am-ը զրուցեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, որպեսզի ստանա այս հարցի պատասխանը:

Նրա խոսքով՝ ցանկացած երկրի ընդդիմություն իր քաղաքական պայքարում պետք է ակնկալի միայն սեփական ժողովրդի աջակցությունը։

«Այդքանը, կարճ-կոնկրետ»,- նշեց Մանուկյանը։

Հարցին՝ այսինքն Զատուլինի հայտարարությունը իրականությանը չի՞ համապատասխանում, Գեղամ Մանուկյանը արձագանքեց՝ ցանկացած ընդդիմություն պետք է ակնկալի իր ժողովրդի աջակցությունը, դա է իր պատասխանը։

«Իսկ ընդդիմությունն իր պայքարը շարունակում է: Չգիտեմ՝ որտեղից պարոն Զատուլինին նման տեղեկություններ, բայց վստահեցնում եմ՝ ընդդիմությունը շարունակում է պայքարը»,- շեշտեց Մանուկյանը։

Նարե Գնունի