Փաշինյանի ցանկությունները և տխուր իրականությունը 

Փաշինյանի ցանկությունները և տխուր իրականությունը 

«Մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը», - երեկ Ազգային ժողովում, 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- հայտարարել է Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը շեշտել է երեք հիմնական սկզբունքները՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր, կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա, բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա և տարածաշրջանային կոմունիկացիաները գործում են փոխադարձության և հավասարության հիմունքներով։

Եթե Փաշինյանի ասածը բխեր իրականությունից, այսօր պատկերը միանգամայն այլ կլիներ, բանակցությունները փակուղում չէին լինի, և խաղաղության պայմանագիրը մոտ կլիներ ստորագրման:
Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը միակողմանի է համաձայնել Փաշինյանի ասած սկզբունքներին, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ Ադրբեջանը, մեղմ ասած, վերապահումներ ունի:

Օրինակ, եթե Հայաստանը աշխարհագրական պարամետրերով կոնկրետ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու այդ ճանապարհին զոհաբերել է Արցախը, համաձայնություն է տվել, այսպես ասած, անկլավների վերադարձին, ապա Ադրբեջանի որևէ ղեկավար այդպես էլ չի հայտարարել, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29800 քառակուսի կիլոմետր տարածքով: Ավելին, Բրյուսելի հարթակից ստանալով Ղարաբաղը կլանելու օրակարգը՝ հիմա Ալիևը հրաժարվում է Բրյուսելում բանակցելուց, թերևս գիտակցելով, որ Հայաստանից նոր զիջումներ կորզելու հնարավորություն ունի:

Կամ՝ ե՞րբ է մեր ընթերցողներից որևէ մեկը լսել, որ Ադրբեջանը պատրաստ է հիմք ընդունել 1975թ-ի քարտեզը՝ որպես դելիմիտացիայի հիմք: Ավելին, Բաքուն չի պատրաստվում վերանայել անգամ իր սահմանադրական կարգավորումները, որոնցով տարածքային կոնկրետ հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ:

Եվ վերջապես՝ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Մոսկվան և Բաքուն, ըստ էության, շարունակում են պնդել 2020թ-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ ակնարկելով, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցությունը պետք է ունենա «միջանցքից ցածր, ճանապարհից բարձր» կարգավիճակ:

Ցավոք, նույնիսկ ԼՂ-ն կլանելուց հետո Ալիևը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, ինչը, մեղմ ասած, իրատեսական չի դարձնում Փաշինյանի երեկվա խոսքը:

Վահրամ Բագրատյան