42 կմ՝ աշխարհաքաղաքական մրցակցության թիրախ 

42 կմ՝ աշխարհաքաղաքական մրցակցության թիրախ 

«Անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները ևս լինեն ինտեգրման գործոններ և ոչ թե պառակտման: Ես ցանկանում եմ, որպեսզի Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան, ու ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ Ձեր՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներդրումը», - երեկ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Սա ուշագրավ հայտարարություն է, որովհետև Մակրոնի նշած տրանսպորտային հաղորդակցությունն անցնում է Սյունիքով, այսինքն՝ խոսքը նույն այն տրանսպորտային հաղորդակցության մասին է, որի մասին հիշատակում կա 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:

Մեր սուբյեկտիվ կարծիքով՝ Հայաստանի հենց այդ 42 կիլոմետրի նկատմամբ վերահսկողությունն է դարձել աշխարհաքաղաքական կենտրոնների կռվախնձորը:

Եռակողմ հայտարարությամբ այդ առաքելությունը դրված էր ռուսական կողմի վրա: 

Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ աշխարհաքաղաքական ռևերսի հետևանքով կարող է ազատվել այդ «գլխացավանքից»՝ զոհաբերելով Արցախը:

Չստացվեց. Արցախը «զոհաբերվեց», բայց Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն պահպանվեց՝ առանց Արցախի: Արդեն գրեթե ակնհայտ է, որ «միջանցքային» հարցը դուրս չի եկել օրակարգից, ավելին, այն պահպանվել է ավելի անբարենպաստ համատեքստով՝ հիմա աշխարհաքաղաքական գզվռտոց է, թե որ կենտրոնի ձեռքում պետք է լինի դրա վերահսկողությունը:

Վահրամ Բագրատյան