Դատավորներին չընտրեցին, Փաշինյանը հրահանգել է վարկաբեկել Արցախի իշխանություններին․ Մամուլը՝ սուրճով

Դատավորներին չընտրեցին, Փաշինյանը հրահանգել է վարկաբեկել Արցախի իշխանություններին․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանը գումարել էր իր հերթական նստաշրջանը. ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում էր նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Դատավորների ընտրության քվեարկությունը, սակայն, երեկ չկայացավ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քվեարկությունը տեղի չի ունեցել ՔՊ-ական պատգամավորների բացակայության պատճառով: Բանն այն է, որ իշխանականներն իրենց սիրելի գործին են՝ պետբյուջեի հաշվին գործուղումների են: Սա է պատճառը, որ դատավորների ընտրության քվեարկությունը հետաձգվել է, որպեսզի իշխանականները վերադառնան գործուղումներից, դատավորների ընտրությունը կայանա, չտապալվի:

Տեղեկացանք, որ այս օրերին գործուղումների են Հակոբ Արշակյանը, ՔՊ-ականներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը (Անգոլա), Արուսյակ Ջուլհակյանը եւ Վահագն Ալեքսանյանը (Շվեդիա), Ռուբեն Ռուբինյանը (Իրան):

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուրջ մեկամսյա դադարից հետո ՔՊ-ականները ուրբաթ օրը վարչության նիստ են արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Չնայած որ Արցախը կորսված է, իսկ Հայաստանը՝ նոր պատերազմի շեմին, Փաշինյանի ու ՔՊ-ականների համար առաջնային խնդիր մնում է իշխանության պահպանման հարցը:

«Հրապարակ» թերթը գրում է. Ռուսաստանի առաջին ալիքի եթերում նախօրեին ցուցադրված գրեթե մեկ ժամանոց հաղորդումը` նվիրված Նիկոլ Փաշինյանին, գերազանցեց բոլոր հակառուսների սպասելիքները` հատելով «կարմիր գծերը» եւ ցուցադրելով ռուսական իշխանությունների իրական վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն քննադատեցին Արեւմուտքի գիրկն ընկնելու համար, այլեւ նրան գրեթե հոգեկան հիվանդ ներկայացրին՝ միաժամանակ փորձելով տարանջատել հայ ժողովրդից:

ՔՊ-ական պատգամավորներից շատերը երեկ հրաժարվում էին խոսել Ռուսաստանի՝ ՀՀ իշխանության հասցեին հնչեցրած կոշտ գնահատականների մասին, սակայն մասնավոր զրույցներում ասում էին, թե Հայաստանի ինքնուրույնությունն է ցնցումների մեջ գցել ռուսական իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը «ռսի սապոգի» քաղաքականությունը չի շարունակում, հավասարը հավասարի դիրքերից է հանդես գալիս, Արեւմուտքի հետ սերտ է գործակցում` ի շահ Հայաստանի, ինչն էլ խանդի նոպաներ է առաջացնում։

Օրերս հայտնի դարձավ, որ պաշտոնական Երեւանն ու Փարիզը ռազմական համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով որոշվել է, որ ռադարներ, հրթիռներ են փոխանցելու Հայաստանին, ինչպես նաեւ ֆրանսիական կողմը պարտավորվելու է օգնել Հայաստանին՝ զինված ուժերի բարեփոխումների հարցում։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը զենք է ձեռք բերում արդեն երկրորդ երկրից, առաջինը Հնդկաստանն էր։ ՔՊ-ականներից մեկը մեզ վստահեցրեց, որ առաջիկայում Հայաստանին զենք մատակարարելու ցանկություն կհայտնեն եվրոպական մի շարք երկրներ եւս։ 

ՔՊ-ականների համոզմամբ՝ այս ամենը չէր կարող ՌԴ-ին ոգեւորել, նրանք չեն հավատում Նիկոլ Փաշինյանի եւ իշխանականների այն հավաստիացումներին, որ իշխանության օրակարգում վեկտորի փոփոխության, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա: Համոզված են, որ այդ ամենը ժամանակի խնդիր է։ Ուշագրավ է, որ չնայած ընդդիմության սադրանքներին, երեկ հայտարարությունների ժամին ՔՊ-ականները սահուն շրջանցեցին ռուսական այս արշավի թեման՝ թերեւս խուսափելով էլ ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները։

Մասնավորապես, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ռուսական առաջին ալիքով հեռարձակված հաղորդմանը՝ հիշեցնելով․ «Փաշինյանն ասում է՝ հայ-ռուսական հարաբերությունները լավ են։ Այնպես որ, այդ հարցը պետք է Փաշինյանին տալ։ Եթե հայ-ռուսական հարաբերությունները լավ են, ինչո՞ւ են եթերում սփռվում հաղորդումներ, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»։ Պատգամավորի խոսքով՝ պետական քաղաքականությունը վարում են իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի՝ 7 տարի առաջ արած հակառուսական հայտարարություններն այն ժամանակ որեւէ ազդեցություն չունեին հայ-ռուսական հարաբերությունների վրա, իսկ այսօր ունեն։ 

ՔՊ-ում այս թեմայի վերաբերյալ լռության ուխտը խախտվեց միայն Գուրգեն Արսենյանի կողմից, ում ՀՀ իշխանություններն ամիսներ առաջ ներկայացրել են Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի համար, սակայն մերժում են ստացել` Ռուսաստանը մերժել է ագրեմանը հաստատել։ Արսենյանը թեպետ չհաստատեց, որ մերժում է ստացել, բայց մերժման «վրեժը» հանեց` հեգնելով ռուսական ալիքի մոտեցումը։ «Ես այն կարծիքին եմ, որ առանց փող ծախսելու՝ եւս մի քանի տոկոսով ավելացրինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը։ Այդ կոլեկտիվը, որը նստած էր այդ ստուդիայում, բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը»։ Արսենյանը հավելեց, որ այս հաղորդման դեպքում «մանիպուլյացիա» բառն է տեղին։ «Իրենք երդվյալ ատենակալների մոդել են ընտրել, ամեն մեկը փորձում է իր կարծիքն ասել մեղադրյալի վերաբերյալ, հետո Հայաստանից ու հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ գնացին, այդ ոչ մասնագետ-ատենակալների մոտ ցուցմունք տվեցին, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն։ Բայց հերթական անգամ хотели как лучше, получилось как всегда։ Էլի հերթական անգամ ռուսական հեռուստատեսության քարոզչությունը լրիվ այլ արդյունք տվեց»,- հայտարարեց նա։ Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությանը մեղադրում են վեկտոր փոխելու մեջ, Արսենյանը պատասխանեց. «Ես ձեզ ուզում եմ հիշեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ։ Պետրոս Ղազարյանն ուղղակի հարց տվեց, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այդպիսի բան չկա»։ 

Մինչդեռ ռուսական կողմի քայլերից պարզ է դառնում, որ ռազմավարական գործընկերներն այլեւս չեն հանդուրժելու հակառուսական քայլերը` անցել են սանկցիաների փուլին։ Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչման օրինագծի քննարկումը՝ նրանց կողմից ձեռներեցային կամ աշխատանքային գործունեություն իրականացնելիս։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ խորհրդարանի մամուլի ծառայությունը: «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք տեսնում ենք. չկա ռուսերենի կարգավիճակ, վերջին որոշումներն ուղղված չեն հարաբերությունների զարգացմանն այս ոլորտում»,- նշել է խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը` այս որոշման հետաձգումը բացատրելիս։ Նա պարզաբանել է, որ փաստացի այդ օրինագծով ենթադրվում է Հայաստանին տալ լրացուցիչ արտոնություններ, չնայած հանրապետության ղեկավարությունը, պատգամավորները, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսերենի կարգավիճակի ամրապնդման համար։ Հենց այս հիման վրա է ՌԴ-ն թույլ տալիս օգտագործել այլ երկրների ազգային վարորդական իրավունքներն իր տարածքում։ «Մենք նման որոշումներ ընդունել ենք Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի համար, քանի որ ռուսերենը նրանց մոտ ամրագրված է սահմանադրականորեն»,- նշել է Վոլոդինը։ Օրինագիծն առաջին ընթերցմամբ մտցվել էր 2022թ. ապրիլին, ընդունվել նույն թվականի հունիսին։

Իսկ իրականությունն այն է, որ Ռուսաստանը սկսել է սանկցիաներ կիրառել Հայաստանի դեմ: Սպասենք հաջորդ քայլերին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վարչության նիստում իր թիմակիցներին ասել է, թե հիմա էլ ռուսներն են ուզում իրենից իշխանություն վերցնել, ուստի պետք է իշխանության պահպանման համար կոշտ ու հստակ քայլեր ձեռնարկել: Բանն այն է, որ Փաշինյանն էլ շատ լավ հասկանում է, որ իր իշխանության հակառուսական քայլերն անհետեւանք չեն կարող մնալ, եւ իրենց վարած անկայուն արտաքին քաղաքականության հետեւանքով ՌԴ-ն այլեւս Հայաստանին վստահելի գործընկեր չի համարում, ցանկանում է՝ Հայաստանում իշխանության փոփոխություն տեղի ունենա:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին հրահանգել է առաջին հերթին գործի դնել իրենց հիմնական զենքը, այն է՝ պառակտել եւ խժդժություններ մտցնել հանրության մեջ: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի արցախցիները շարունակեն այստեղ ակցիաներ իրականացնել, Հայաստանի իշխանություններից եւ իրավապահ մարմիններից իբրեւ արցախցի պահանջեն «թալանչիների» դեմ պայքար սկսել, Արցախի նախկին երեք նախագահներից արդարություն պահանջեն:

Այլ կերպ ասած, Փաշինյանն ամեն գնով ցանկանում է հասնել Արցախի ղեկավարության հեղինակազրկմանը: Առաջնային թիրախում Սամվել Շահրամանյանն է. պետք է ամեն ինչ անել, որպեսզի դժգոհության սլաքները ուղղվեն դեպի Շահրամանյանը: Փաշինյանն այսքանով, սակայն, չի ցանկանում սահմանափակվել: ՔՊ-ականներին նա հրահանգել է, որպեսզի հայ հանրության մեջ խորացնեն հակառուսական տրամադրությունները, ամեն հնարավոր միջոցներով հայտարարեն, թե նախկինները ուզում են հետ գալ Ռուսաստանի օգնությամբ:

Իր այս ծրագրերին հասնելու համար նա հրահանգել է գործի դնել ողջ ռեսուրսները՝ «ֆեյքեր», արեւմտամետներ, պատգամավորներ, ու ցանկացած հարթակով այս թեզերը առաջ տանել: Հիմա էլ արդեն իշխանական պատգամավորները իրենց տրամադրության տակ գտնվող մեդիառեսուրսներով սկսել են աշխատանքները, որին նաեւ Սամվել Բաբայանն է իր փոքրաթիվ թիմով միացել: Տեսնենք՝ ինչ կստացվի:

«Հրապարակ» թերթը գրում է. Արցախից Հայաստան բռնի տեղահանվածները հայտնվել են սոցիալական անդունդում։ Սեպտեմբերի 19-ից հետո Հայաստան եկածները մոտ 100 հազար են, եւ մոտ 20 հազար՝ նրանք, ովքեր Հայաստանի ճամփան են բռնել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, ապա նաեւ 21 թվականին՝ հայաբնակ գյուղերի հայաթափման արդյունքում։ 

Հատկապես այս վերջին խումբը լիարժեք աղքատության մեջ է։ Նրանք հիմնականում ապրում են վարձով տներում։ Քչերին է հաջողվել արժանի կենսակերպ ապահովող աշխատանք գտնել։ Արցախի պետական մարմինները լուծարելու մասին հրամանագրի ստորագրումից հետո ԱՀ ֆինանսների նախարարությունը դադարել է գործել։ Նախարարության աշխատասենյակները դատարկ են։ 

Պատերազմից հետո Արցախից տեղափոխվածները ո՛չ թոշակ, ո՛չ նպաստ, ո՛չ էլ բնակվարձ են ստանում, քանի որ բոլոր այս վճարումներն իրականացնում էր Արցախի կառավարությունը։ Իսկ սեպտեմբերի 19-ից հետո տեղահանվածները մնացել են նաեւ առանց աշխատավարձի, Փաշինյանի կառավարության նվիրած գրոշների հույսին։ 

«Ես միայնակ մայր եմ, 20 թվականին տեղահանվել եմ Հադրութից։ 3 անգամ սնունդով օգնել են, ու ոչ մի տեղից ոչինչ չեմ ստանում։ 40 հազարն էլ չենք ստանում՝ արդեն երկար ժամանակ է։ Խնդրում եմ՝ օգնեք, ոչ մի ձեւ չունեմ յոլա գնալու», - գանգատվում է Սիրանուշ Ունուսյանը, եւ այսպիսի հարյուրավոր բողոքներ ենք ստանում այս օրերին։ 

Բովանդակությունը նույնն է, անուն-ազգանունները՝ տարբեր․ չեմ ստացել թոշակ, նպաստ, աշխատավարձ, բնակվարձն են կտրել, չենք կարող ապրել եւ այլն։ Արցախցիները հայտնվել են հայաստանյան կյանքի հատակում։

Արցախի կառավարության արձակած հրամանագրով՝ կառավարությունը եւ պետական մարմինները գործում են մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը։ Սա նշանակում է, որ մարդիկ պետք է եւս 4 ամիս աշխատավարձ ստանան։ Բացի դա, լուծարման պարագայում նրանք եւս երկու ամիս աշխատավարձ են ստանալու, այսինքն՝ մինչեւ 2024 թվականի մարտ ամիսը։ Հայաստանի Հանրապետությունն ամսական 15 մլրդ դրամ գումար էր ուղարկում Արցախ՝ որպես միջպետական վարկ, եւ այս գումարը պետք է ուղարկեն մինչեւ փետրվար ամիսը։

Հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը պարծենում էր, որ հետհեղափոխական Հայաստանում ԱՀ բյուջեին հատկացումներն ավելացել են։ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117,9 մլրդ դրամ, որն ամենաբարձր բյուջեն է եղել։ 2021 թվականին Արցախի բյուջեն՝ եկամտային մասը, եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը Հայաստանի Հանրապետության վճարած գումարն է։ Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել։ «Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, եւ Հայաստանի Հանրապետությունը երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»,- հայտարարում էր Փաշինյանը։ Առնվազն մինչեւ մարտ ոչինչ չպետք է փոխվի։ Հատկացումները նախատեսված են եղել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով։ Մարտ ամսից սկսած՝ այդ գումարն այլեւս չի ծախսվելու. ինչ է լինելու այդ միջոցների հետ, հայտնի չէ: Ո՞րն է կառավարության հույսը՝ հավանաբար այն, որ այս մարդիկ մինչեւ մարտ այլեւս Հայաստանի Հանրապետությունում չեն լինի։

Փաստորեն, Հայաստանը սառեցրել է վճարումներն արդեն հիմա` չսպասելով մինչեւ փետրվար։ Փաշինյանի կառավարությունը ձգձգում է հարցը եւ մի չորս տողանոց որոշում չի ուզում ընդունել՝ արցախցիների թոշակն ու նպաստը, աշխատավարձն ու բնակվարձը վճարելու վերաբերյալ։ Տրամաբանական է կարծել, որ սա արցախցիներին սոցիալական մամլիչով ճզմելու քաղաքականություն է, նրանց հնազանդեցնելու, նաեւ արտագաղթի դրդելու մանյովր։ Նիկոլը բյուջեն սարքել է անձնական գրպանը՝ ում ուզի, կտա, ում չի ուզի, չի տա, իսկ արցախցիներին տրվող այս գրոշները վերածվել են շանտաժի, նրանց հլու-հնազանդ դարձնելու միջոցի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանցիների 9 տոկոս ձայներով ՔՊ-ն, մայրաքաղաք Երեւանում իշխանություն վերցնելով, խրվել է կոռուպցիայի մեջ: Այդ մասին են վկայում հենց պաշտոնական տեղեկությունները: Հայտնի է, որ 87 մլն 318 հազար ՀՀ դրամ կամ մոտ 220 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել Երեւանի քաղաքապետի երդմնակալության համար:Այն, որ ծախսված աստղաբաշխական թվերը դարձել են ամենաքննարկվող թեման մեր երկրում, բնական է, քանի որ պատմական ռեկորդ էր այդքան գումար ծախսելը արարողակարգային մի միջոցառման վրա:

Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ միջոցառման կազմակերպիչը եւ պատասխանատուն Շավարշ Գրիգորյանն է՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի քարտուղարը եւ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե նախկին քաղաքապետ, նախկին հեղափոխական Հայկ Մարությանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 13-ի երդմնակալության արարողության համար որքան գումար է տրամադրվել, եւ ինչպես է ծախսվել գումարը:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը բավականին օպերատիվ պատասխանել է մեր հարցմանը՝ տեղեկացնելով՝ Հայկ Մարությանի երդմնակալության համար համայնքային բյուջեից ծախսվել է 900 հազար ՀՀ դրամ հյուրասիրության համար: Թվերն, իհարկե, անհամեմատելի են. նույն միջոցառումը 2018-ին կազմակերպել է Հայկ Մարությանը՝ ծախսելով 900 հազար ՀՀ դրամ, իսկ գործող քաղաքապետի երդման համար համայնքային բյուջեից 87 մլն 318 հազար ՀՀ դրամ է ծախսվել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազատ խոսքի, ազատ մամուլի դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետեւողականորեն առաջ է տանում: Երեւանցիների 9 տոկոս ձայներով ընտրված՝ իշխող կուսակցության քաղաքապետի երդմնակալությունը առանց լրագրողների կազմակերպելուց հետո քաղաքային իշխանության ներկայացուցիչը հարձակվել է «Ժողովուրդ» օրաթերթի վրա:

Նախօրեին տեղեկացանք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը սեպտեմբերի 27-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջել հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ փոխհատուցում վճարելու մասին վճիռ կայացնել:

Հայցվոր կողմը պահանջել է նաեւ ««Ժողովուրդ» թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի գույքի վրա 3 միլիոն դրամի չափով արգելանք դնել: Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանը հոկտեմբերի 6-ին գործն ընդունել է վարույթ, կայացրել է որոշում՝ օրաթերթի գույքի վրա արգելանք դնելու մասին: Ընդգծենք, որ Ղուկասյանի կողմից դատի տալու, գործը վարույթ ընդունելու եւ միջնորդությունը մասնակի բավարարելու գործընթացից լրատվամիջոցը տեղյակ չի եղել, որեւէ ծանուցում չի ստացել:

Միայն հոկտեմբերի 20-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից գրություն ենք ստացել, որ հոկտեմբերի 17-ին հարկադիր կատարող Ս. Միրզիկյանը որոշում է կայացրել կատարողական վարույթի գույքի վրա 3 մլն դրամի չափով արգելանք դնելու վերաբերյալ: Տեղեկացնենք նաեւ, որ մինչ դատարան դիմելը թաղապետ Ղուկասյանը պաշտոնական որեւէ գրություն չի ուղարկել լրատվամիջոցին հերքման պահանջի մասին, ինչը օրենսդրական պահանջ է:

Իսկ ո՞ր հրապարակումն է դարձել դատական վեճի առարկա. 2023 թվականի սեպտեմբերի 2-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ավագանու ընտրություններին ընդառաջ, անթաքույց «կաշառք» է առաջարկում երեւանցիներին: Նախ՝ ընգծենք, որ նա ընդգրկված է ՔՊ-ի ավագանու ցուցակում, եւ արդեն մի քանի օր է, ինչ, քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, Կենտրոն վարչական շրջանի էջով գովազդում է, թե ճանապարհների եւ բակերի նորոգումներ են արվել, խաղահրապարակներ են կառուցվել, եւ այս բնույթի տարատեսակ «գայթակղիչ» խոստումներ ու գովազդներ:

Նկատենք, որ մինչ քարոզարշավը թաղապետ Ղուկասյանը միայն աչքի է ընկել իր անգործությամբ, բայց քարոզարշավի օրերին ակտիվացել է, հիշել է իր պարտականությունների ու երեւանցիների խնդիրների մասին: Կենտրոն վարչական շրջանի էջն էլ ակտիվ լուսաբանում ու մեծ շուքով ներկայացնում է կոնկրետ աշխատանքները:

Այսպես, երեկ շատ «ճոխ» ներկայացրել են, որ Երեւանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի բակն են բարեկարգել, խաղահրապարակ կառուցել կամ Հյուսիսային պողոտայում նոր աղբամաններ տեղադրել: ԿԸՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր՝ արդյոք չեն արձանագրել Կենտրոնի թաղապետի կողմից թույլ տրված ընտրախախտումները եւ ընտրակաշառքի ակնհայտ դեպքերը: ԿԸՀ ՔՊ-ական նախագահը խախտում չէր տեսել, բնականաբար:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից արված քայլը, դատավոր Էդուարդ Ամարյանի որոշումը «Ժողովուրդ» օրաթերթը դիտարկում է խոսքի ազատության նկատմամբ ուղղակի ճնշում եւ դատական բոլոր ատյաններում պայքարելու է ազատ խոսքի իր անքակտելի իրավունքի իրացման համար: Իշխանության որեւէ ներկայացուցիչ, առավել եւս՝ զավեշտալի ու քրեական պատմություններով հայտնի Կենտրոնի թաղապետը, իր ագրեսիվ վարքով մեզ չի կարող հետ պահել հետագա հրապարակումներից: