Իշխանության «սրտի օլիգարխը»․ սեփականության վերաբաժանումը՝ ընթացքի մեջ

Իշխանության «սրտի օլիգարխը»․ սեփականության վերաբաժանումը՝ ընթացքի մեջ

 

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։

ՍիվիլՆեթն ուսումնասիրել է այս գործարքը ու պարզվել են մի քանի փաստեր, որոնք խոսում են Հայաստանում սեփականության վերաբաժանման տոտալ գործընթացի մեկնարկի մասին։ Հովիկ Աբրահամյանի ընտանիքից առանձնատունն անցել է նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքին։

Մարտի 1-ին Արգամ Աբրահամյանը առանձնատան առքուվաճառքի պայմանագիր է կնքել Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի հետ։ Առանձնատան գինը կազմել է 2,5 միլիարդ դրամ (ավելի քան 5,1 միլիոն դոլար)։ Դրանից 48 միլիոն դրամը գնորդ Լիլիթ Պետրոսյանն արդեն վճարել է, մնացած 2,452 միլիարդ դրամը վճարվելու է մինչև օգոստոսի 1-ը։ Այդ ժամանակ է նախատեսված առանձնատան հանձնումը Պետրոսյանին։ Նարեկ Նալբանդյանի բիզնեսային բումը սկսվել է 2018-ի հեղափոխությունից հետո, նրան անձամբ ճանաչողները պնդում են, թե տարիներ առաջ նորահայտ օլիգարխն ապրել է համեստ կյանքով ու կենցաղով։ Այլ խոսքով՝ նկատելի է, որ Նալբանդյանի թռիչքաձև հարստացումը տեղի է ունենում «տանիքի» շնորհիվ, որն, ըստ ամենայնի, գտնվում է հեղափոխական իշխանության վերնախավում։ Նարեկ Նալբանդյանին լայն հանրությունը ծանոթացավ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրի օտարման ժամանակ։ Այս հյուրանոցը պատկանում էր Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին, ով այն նվիրաբերել էր պետությանը՝ մի քրեական գործի շրջանակներում։

Հիմա էլ՝ Նալբանդյանը դառնում է մեկ այլ նախկին կարկառուն պաշտոնյայի՝ Հովիկ Աբրահամյանի գույքի տերն, այս անգամ՝ առք ու վաճառքի միջոցով։ Ու սա այն դեպքում, երբ Աբրահամյանի գույքերը երկու քրեական գործերով գտնվում էին կալանքի տակ ու դրանից ազատվել են միայն 2021-ին։ Լեգիտիմ կասկած գոյություն ունի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկրում իրականացնում է սեփականության տոտալ վերաբաժանում ու այս գործընթացի մեջ որոշակի դերակատարություն վերապահված է հենց Նարեկ Նալբանդյանին։

Մեկ այլ հանգամանք ևս։ Հավկիթի շուկայում, ըստ ոլորտի խաղացողների, ինքնարժեքից ցածր գնով հավկիթ է հանել վաճառքի։ Այս օպերացիան, որը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության «դաբրոյի», իրականացվում է դարձյալ Նարեկ Նալբանդյանի ընկերություններից մեկի միջոցով։ Ստացվում է՝ կոնկրետ ոլորտում իշխանությունը զարգացնում է մոնոպոլ դրսևորումներ ու այս պատմության «հերոսը» կրկին Նարեկ Նալբանդյանն է։ Նիկոլ Փաշինյանն ունի գրպանային կառավարություն և ԱԺ, «ծնկի» է բերում դատական համակարգը, ի՞նչն է խանգարում նրան՝ ունենալ նաև «սեփական» օլիգարխներ․․․

Վահրամ Բագրատյան