Շմայսի զարմիկը՝ «Հանրային ձայն»-ից դուրս գալու, Վարդան Ղուկասյանի, Ավինյանի և Արցախը հանձնելու մասին

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունում այսօր ցուցակից երկու նոր անդամ մանդատ ստացան՝ փոխարինելով մինչ այդ լիազորությունները վաղաժամ դադարած նախորդ անդամներին։ Այդ երկու նոր անդամներն են Գրիգոր Հարությունյանն ու Ալբերտ Մովսիսյանը։ 

MediaHub-ը զրուցել է Ալբերտ Մովսիսյանի հետ՝ հասկանալու, թե նա ինչպե՞ս է դիրքավորելու իրեն որպես ավագանու անդամ, արդյոք կիսո՞ւմ է իր խմբակցության մյուս անդամների մոտեցումները, երբ Ավինյանին իբրև թե դեմ լինելով՝ նպաստում են, որ նրա բերած որոշումներն ընդունվեն, դրանից առաջ աջակցեցին, որ Ավինյանը դառնա քաղաքապետ, և ի՞նչ հարաբերություններ ունի Վարդան Ղուկասյանի հետ, որի ղեկավարած ցուցակով էլ նա այսօր մանդատ է ստացել։

Մովսիսյանը նախ ասաց, որ ինքն այսօր-վաղը դիմում է գրելու և դուրս է գալու խմբակցությունից և աշխատելու է որպես ավագանու անկախ անդամ։ Ապա նշեց, որ ինքը գործունեություն է ծավալելու ի շահ Երևանի և երևանցու։ 

Դրանից զատ՝ Մովսիսյանն ասաց, որ իրենք վերջերս նաև կուսակցություն են հիմնել՝ «Արդար խոսք» անվանումով, և մարտի 27-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարում ինքն ընտրվել է այդ կուսակցության ղեկավար և խորհրդի նախագահ։ 

Նա սկզբում կարծես չէր ուզում, կամ նրա մոտ չէր ստացվում սրտանց ընդդիմադիր գնահատականներ հնչեցնել, բայց մի քանի րոպե հարցուպատասխանից հետո ավելի անկաշկանդ սկսեց քննադատել Տիգրան Ավինյանին էլ, Նիկոլ Փաշինյանին էլ՝ համարելով, որ իրենք ձախողել են կառավարումը, ասաց, որ Արցախը հանձնել է հենց Փաշինյանը, քանզի ինքն էր այդ պահին երկրի ղեկավարն ու գերագույն հրամանատարը, իսկ իր խմբակցության անդամների քայլերի մասով էլ ասաց, որ եթե ինքն այդ ժամանակ լիներ ավագանու անդամ, ապա հաստատ չէր նպաստի, որ Ավինյանը դառնա քաղաքապետ։ 

Զրույցի վերջում նաև տեղեկացանք, որ Ալբերտ Մովսիսյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի ազգականն ու զարմիկն է, ասաց՝ Շմայսն իր հորեղբայրն է (ոչ հարազատ), և իրենց ընտանիքն Արցախի հարցում մեծ ներդրում ունի, իր հայրը՝ Միհրան Մովսիսյանը, պատերազմի մասնակից է և «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ։

Մանրամասն՝ տեսանյութում 

Վահե Մակարյան