Բոլոր ավտոբուսների տակ «վսեսեզոննի պակրիշկեք» են գցում․ Հովհաննես Մանուկյանը՝ Երևանի ավտոբուսների անվադողերի մասին

Մի քանի օր է՝ քննարկվում ու շահարկվում է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող ավտոբուսների՝ ձմեռային անվադողերով չլինելու հարցը։ Բանը հասել է անգամ «դիվան բաշուն», որ այս հարցը այսօր կառավարության նիստին էին քննարկում։
MediaHub-ն այս հարցով դիմեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանին, թե ի՞նչ տեսակի անվադողերով են երթևեկում իրենց պարկի ավտոբուսները, արդյոք ձմեռայի՞ն են դրանք։ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ ավտոբուսների և բեռնատարների համար ձմեռային անվադողեր չեն նախատեսվում, դրանք համասեզոնային անվադողերով են վարում՝ անկախ եղանակային պայմաններից։
Մանուկյանը նույնպես նույնն ասաց․ «Բոլոր ավտոբուսների տակ, մեր լեզվով ասած, «վսեսեզոննի պակրիշկեք» են գցում՝ բոլոր եղանակներին համապատասխան։ M+S-ը, որի վրա ձյան փաթիլ է նկարած, դրանք «վսեսեզոնկա» անվադողեր են, էդպես, որ ասեմ՝ հատուկ ձմեռային, կոպիտ պրատեկտորներով անվադողեր են՝ ոչ»։
Նա նաև նշեց, որ փոքր տարողությամբ միկրոավտոբուսների՝ «Գազելների» տակ նույնպես այդպիսի համասեզոնային անվադողեր են գցած։
Ի դեպ, այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ոստիկանները գնացել և մարզային երթուղիները սպասարկող ավտոբուսների անվադողերն են ստուգել, ուստի հարցրինք Հովհաննես Մանուկյանին՝ մայրաքաղաքի ավտոբուսները նույնպե՞ս ստուգել են։
«Այո, լսել եմ, որ եղել են ստուգումներ։ Դիսպետչերական կետերում ստուգել են ու տեսել են, որ «վսեսեզոն» անվադողեր են»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ որևէ մեկին չեն տուգանել անվադողերի համար։
Վահե Մակարյան