Fly Arna-ն պետք է կենտրոնանա նաև տուրիստական ուղղությունների զարգացման վրա. Ավինյան

Fly Arna-ն պետք է կենտրոնանա նաև տուրիստական ուղղությունների զարգացման վրա. Ավինյան

Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ոչ միայն պետք է կենտրոնանա թռիչքների, այլ նաև՝ տուրիստական ուղղությունների զարգացման վրա, ինչը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել տուրիզմը, ավելացնել տուրիստական հոսքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը՝ Fly Arna-ի գործունեության ազդարարման պաշտոնական միջոցառմանը՝ առաջին օդանավի Հայաստան վայրէջք կատարելուց հետո:

 Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է: Համատեղ ձեռնարկության 51 տոկոսը հայկական կողմինն է, 49 տոկոսը՝ օտարերկրյա ընկերությանը:

«Կառավարության որոշումը՝ մասնակցել այս ծրագրին, կայացվել է այն ակնկալիքով, որ մենք ստեղծում ենք ոչ միայն ընկերություն, որն իր անվան մեջ կրելու է հայկական ազգային անվանում, այլև մեծ ակնկալիքներ ենք ունեցել, որ ավիացիայի ոլորտում մենք կստեղծենք, կբարձրացնենք ստանդարտներն ու չափորոշիչները և  հպարտորեն կկարողանանք օրինակելի ավիաընկերություն ստանալ, որն իրապես կարող է օրինակ ծառայել այլ, նույնիսկ միջազգային ընկերությունների համար: Fly Arna-ն, վստահ եմ, որ կարող է և պետք է այս ձգտումն ունենա»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա նկատեց, որ ՀՀ-ն տարիների ընթացքում ունեցել է չիրացված պոտենցիալ տուրիզմի ոլորտում, որը պայմանավորված է եղել շատ հանգամանքներով, այդ թվում՝ ավտոհաղորդակցությամբ: «Եվ ես վստահ եմ, որ Fly Arna-ն ոչ միայն պետք է կենտրոնանա թռիչքների վրա, այլ նաև՝ տուրիստական ուղղությունների զարգացման վրա, որոնք հնարավորություններ կստեղծեն տուրիզմը դեպի Հայաստան ավելացնելու և զարգացնելու ուղղությամբ»,-ասաց Ավինյանը: