Մենք պատրաստ ենք վերսկսել մեր հանդիպումները Ադրբեջանի հետ․ Արարատ Միրզոյան
Վերահաստատում եմ հայկական կողմի դիրքորոշումը, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում պետք է հասցեագրվեն, լուծում գտնեն, կարգավորվեն ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը և դրանց առնչվող հարցերը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հարցին՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղ գործընթացը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, տարվում է երկու ուղղությամբ։ Առաջին ուղղությունը «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրումն է», երկրորդը՝ Հայաստանի հետ բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ։
«Անշուշտ, այս խնդիրը կամ խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է, մենք այս մասին առաջին անգամ չենք ասում։ Տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատումն առանց ԼՂ ժողովրդի իրավունքերի և անվտանգության խնդիրների հասցեագրման մենք իրատեսական չենք համարում»,-ասաց Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ նախորդ տարի հետաձգվել է Ադրբեջանի գործընկերոջ հետ նախատեսված հանդիպումը, որը պետք է Մոսկվայում կայանար, որը հետաձգվել է Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։
«Մենք պատրաստ ենք այժմ վերսկսել մեր հանդիպումները, սակայն նույնիսկ հետաձգման ընթացքում բանակցային գործընթացը չի ընդհատվել, սա չափազանց կարևոր է»,- հավելեց Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում