ՀՀ-ում գնաճը բոլոր առումներով դուրս է եկել սահմանային թիրախավորված տիրույթից․ տնտեսագետ

ՀՀ-ում գնաճը  բոլոր առումներով դուրս է եկել սահմանային թիրախավորված տիրույթից․ տնտեսագետ

Գնաճը բոլոր առումներով դուրս է եկել սահմանային թիրախավորված տիրույթից․ քաոսային վիճակ է շուկայում։ Այս մասին այսօր MediaHub․am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արած այն արտահայտությանը, թե այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են։

«Եթե վերցնենք առանցքային, առաջին պլանի վրա գտնվող տնտեսական ցուցանիշ, ի՞նչ բարվոքության մասին կարող է խոսվել»,- ասաց Մարգարյանը։

Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներից պետական պարտքին՝ Մարգարյանը նշեց․

«Եթե իրենց բավարարում է պետական պարտքի կատաստրոֆիկ աճը, ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին նման կարծիքի չէ։ Միայն այս երկու ցուցանիշների գծով մենք ունենք խայտառակ պատկեր»։

Նրա խոսքով, երբ խոսում ենք տնտեսական աճի մասին, այդ աճի ֆորմալ թիվը որևէ նշանակություն չունի, եթե այն չի բացվում իր ներառականության տեսանկյունից՝ ովքե՞ր են շահել և ովքե՞ր են կորցրել այդ աճից։

«ՀՀ բնակչության բացարձակ գերակշիռ մեծամասնությունն այդ աճից կորցրել է, քանի որ այդ աճի հիմնական շարժիչը գնաճն է, այլ բան է, որ տնտեսական աճն ուղեկցվի ավելի ցածր, ավելի մեղմ գնաճով, ուղեկցվի ներդրումների նույնպիսի դինամիկայով, սակայն, պետք է նշեմ, որ մենք ներդրումների ոլորտում ունենք կրկին խայտառակ պատկեր, այնպես որ, այդ ցուցանիշները, որոնք նշվում են, քաղաքական գործչի խոսք է, երկրի ղեկավարի խոսք է, քաղաքական խոսույթ է, բայց մասնագետի տեսանկյունից, այդ ցուցանիշը պետք է դնել առնվազն երկու տասնյակ ցուցանիշների կողքին և հասկանալ՝ իսկապե՞ս մեր տնտեսությունը բարվոք վիճակում է, կամ կարո՞ղ է, օրինակ, Շվեյցարիային հավասար քայլ անել»,- ասաց տնտեսագետ Մարգարյանը։

Նրա խոսքով, իհարկե, նման հայտարարությունները հանրության ականջը գուցե և շոյում են, բայց երբ իրական ցուցանիշներն են վերլուծում, ստացվում է, մեղմ ասած, տխուր պատկեր։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարում «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե Ուկրաինայում ընթացող պատերազմն ինչ հետևանք կարող է ունենալ հայկական տնտեսության վրա՝ նշել է. «Իհարկե, տնտեսության տեսանկյունից իրադրությունը մեզ համար հաճելի չէ: Բայց եթե անկեղծ լինեմ՝ առաջին եռամսյակում մենք արձանագրել ենք 8.6 տոկոս տնտեսական աճ և հույս ունենք, որ կկարողանանք պահպանել այդ դինամիկան։ Նշեմ՝ այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են»։

Մերի Գևորգյան