Փաշինյանի ոստիկանությունը

Փաշինյանի ոստիկանությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ դարձյալ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որի ղեկավարած ծառայության աշխատակիցները երեկ ու այսօր Երևանի փողոցներում դարձել են Փաշինյանի իշխանության միակ «պահապանները»։

Ոստիկանական բռնություններ

Երևանի տարբեր հատվածներից երեկ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 91 քաղաքացի: Սա ավտոերթի մեխանիկական վիճակագրությունն է, եթե հաշվի չառնենք այն ապօրինությունը, որ մի շարք քաղաքացիների մեքենաներ տարվել են տուգանային հրապարակ։

Այսօր ընդդիմության ներկայացուցիչները ճանապարհներ են փակել, իսկ ոստիկանությունը զբաղված էր «մարդաորսով», բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 400-ը։

Նույնիսկ իշխանության «գրպանային» ՄԻՊ-ը տասնյակ խախտումներ է արձանագրել։

«Շարունակել է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս օրինական պահանջի հստակ ներկայացման պրակտիկան։ Արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից ավտոերթի մասնակցի նկատմամբ վիրավորական, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն անելու դեպք։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ըստ «Ոստիկանության կարգապահական կանոնագրքի, ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ», «Այսօր և նախորդ շաբաթ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի և թեժ գծին ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների կողմից ավտոերթի մասնակից անձանց տրանսպորտային միջոցները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերջիններիս չեն վերադարձվել։ Ընդ որում, շուրջ վեց տրանսպորտային միջոցի մասով դրանք չեն վերադարձվում արդեն մի քանի օր և մեքենաների սեփականատերերին չի ներկայացվում այն հիմնավոր պատճառաբանությունը, որով դրանք պահվում են հատուկ պահպանվող տարածքում։ Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք տանելը և այն դրանց օրինական տիրապետողներին չվերադարձնելը չի կարող իրավաչափ համարվել այն պայմաններում, երբ բացակայում է նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի ընթացքում համապատասխան դատավարական ակտը՝ տրանսպորտային միջոցն առգրավվելու վերաբերյալ»․ սրանք ընդամենը մի քանի դրվագներ եմ ՄԻՊ ծավալուն հայտարարությունից։

Միակ ելքը

Ոստիկանությանն ու նրա պետին բան համոզելն այլևս անիմաստ է։ Ոստիկանությունը «կարգի կգա», երբ ընդդիմությանը հաջողվի փողոցներ հանել այնքան մարդ, որ ոստիկանության բռնությունը կիրառելու հնարավորությունը բացառվի։ Այդ դեպքում՝ Վահե Ղազարյանը չի գտնելու մարդկանց, ովքեր կկատարեն իր հրամանները։

Վահրամ Բագրատյան