Հռոմի ստատուտը ՀՀ-ի համար է, ՌԴ հետ տնտեսական հարաբերությունները ինչո՞ւ պետք է վատթարանան․ Պապոյան

Հռոմի ստատուտը ՀՀ-ի համար է, ՌԴ հետ տնտեսական հարաբերությունները ինչո՞ւ պետք է վատթարանան․ Պապոյան

Չեմ կարծում, որ ՌԴ-ի հետ Հռոմի ստատուտի վավերացումից հետո տնտեսական հարաբերության վատթարացում կունենանք։ Գուցե հնարավոր է, բայց ես չգիտեմ, թե դա ինչու պետք է տեղի ունենա, անհասկանալի կլինի, որովհետև Հռոմի ստատուտը ՀՀ-ի համար է և դրա նպատակն է ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ հանցագործություն կատարած անձանց Միջազգային քրեական դատարանում պատժի ներկայացնել։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ Ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ խոսելով Հռոմի ստատուտի վավերացման և այս դեպքում ՌԴ-ի հետ հարաբերությունների հեռանկարի մասին։ 

«Կարճ ասած՝ օրինակ, այն ադրբեջանցի զինվորականը, որը գլխատել կամ խոշտանգել է  հայ զինվորականին, պետք է պատիժ ստանա և մենք պետք է կարողանանք այդ մարդու նկատմամբ դատական գործընթաց սկսել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդ մարդուն միայնակ բերել պատասխանատվության։ Սա որևէ երկրի հարաբերության հետ չի առնչվում, սա կոնկրետ դեպքերի է առնչվում»,-ասաց նա։

Ճշտող հարցին՝ ընդունված կանոնադրությունը որևէ կերպ չի՞ կարող ազդել ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա, վերջինս պատասխանեց․

«Մենք կարող ենք վաղը արթնանալ ու տեսնել, որ մի պետության հետ մեր հարաբերությունները այս կամ այն պատճառով ջերմացել են կամ չեն ջերմացել, սա երբեք հնարավոր չէ բացառել, բայց պատճառահետևանքային կապ, թե ինչու պետք է այն տեղի ունենա ստատուտով պայմանավորված, ինձ համար շատ անտրամաբանական և անհասկանալի է։ Սա ՌԴ-ի դեմ ուղղված չէ, չի էլ կարող ուղղվել»,-նշեց Պապոյանը։

Դիտարկամանը, թե այս դեպքում ինչպես հասկանալ ՌԴ-ից արձագանքները, պատգամավորն ասաց․

«Մեզ համար էլ է անհասկանալի, մենք մեր ռուս գործընկերներին ներկայացրել ենք։ Կրկնում եմ՝ մենք նման խնդիր ՌԴ-ի հետ չունենք, խնդիր միայն Ադրբեջանի հետ ունենք, քանի որ Ադրբեջանի պատճառով է, որ 100 հազարից ավելի հայ է բռնի տեղահանվել, այդ մարդկանց իրավունքների պաշտպանության հարցն է, որ պետք է աշխարհում բարձրաձայնենք, մենք պետք է այդ գործիքից օգտվենք։ Մենք պետություն ունեցող երկիր ենք և ունենք հնարավորություն Միջազգային քրեական դատարանում այս հարցերը հնչեցնելու։ Պետությունն ունի ավելի արդյունավետ գործիքներ, քան գնալը և տարբեր երկրների դեսպանատների դիմաց բողոքի ակցիա անելն է»,-ընդգծեց Պապոյանը։ 
Հիշեցնենք, այսօր ՀՀ ԱԺ֊ն վավերացրեց Հռոմի ստատուտը։ 

Լիաննա Թորոսյան