Վահագն Հովակիմյանին դժվար օրեր են սպասվում

Վահագն Հովակիմյանին դժվար օրեր են սպասվում

Ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի ընտրությունը ԿԸՀ նախագահ պաշտոնում։

Հոկտեմբերի 7-ին ԱԺ-ն 65 ձայնով ԿԸՀ նախագահ ընտրեց Վահագն Հովակիմյանին, ով նույնպես մասնակցեց այդ ընտրությանը, ինչն օրենքով արգելվում է։ Բանն այն է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Հովակիմյանին նվազագույնը 65 ձայն էր պետք, այսինքն՝ եթե Հովակիմյանը չմասնակցեր, ապա անհրաժեշտ քանակությամբ ձայներ չէր ստանա։ 

Իհարկե, կասկած չկա՝ ինչպիսին է լինելու իշխանության «գրպանում» տեղավորված ՍԴ որոշումը, մանավանդ, որ Հովակիմյանին ԿԸՀ «գործուղել» է անձամբ Փաշինյանը:

Բայց ընդդիմության քայլն, այս պարագայում, միանշանակ ճիշտ է:

Նախ, Հովակիմյանի ընտրության լեգիտիմությունը հետևողականորեն վիճարկում է նաև քաղաքացիական հասարակության այն սեգմենտը, որը, մեղմ ասած, իշխանամերձ է, ըստ այդմ՝ Հովակիմյանի անձի ու նրա ընտրության շուրջ կոնսենսուս գոյություն չունի նաև քաղաքական թիմում, իսկ ընդդիմությունը նման դեպքերը պետք է օգտագործի՝ առնվազն ներիշխանական հակասությունները խորացնելու նպատակով: Դա արդյունավետ մարտավարություն է ցանկացած ընդդիմության համար:

Մյուս կողմից, Հովակիմյանին ԿԸՀ նախագահ ընտրելն ազդակ է, որ իշխանություններն այլևս հույսեր չեն կապում լեգալ ճանապարհով վերարտադրվելու հետ և խնդիր են դրել՝ ստեղծել վերահսկելի ընտրական համակարգ: Ըստ այդմ, ընդդիմության պայքարն անձնավոված չէ և ուղղված է ընտրական համակարգի այլասերման, դեգրադացիայի դեմ:

Եվ վերջապես, ինքնավար մարմինների «ՔՊ-ականացման» գործընթացը հետևողական բնույթ է կրում: Ընդդիմության պայքարը դրա դեմ, մի կողմից, կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ, մյուս կողմից՝ հասարակությանը կոնսոլիդացնելու ազդակներից մեկը դառնալ:

Հետևաբար, Վահագն Հովակիմյանին դժվար օրեր են սպասվում:

Վահրամ Բագրատյան