Էդիկ Բարսեղյան. 19-ամյա տղան ընկավ Սյունիքի մարտերում

Էդիկ Բարսեղյան. 19-ամյա տղան ընկավ Սյունիքի մարտերում

«Բարի, ժպտերես, կյանքի տղա...»,- Մեծամորում այսպես են բնութագրում 19-ամյա Էդիկին. տղան ընկել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով սանձազերծած մարտերում։

Էդիկի զոհվելու լուրը օդում սառած է մնացել, սա այն դեպքն է, երբ մարդիկ գիտեն, բայց չեն ուզում ցույց տալ, որ «սև թուղթն» առել են։

«Անմեղ սերունդը գնաց, խեղճ երեխեք»,- լսվում է աշնանային ցրտից ձեռքերը շփող տղամարդկանցից մեկի ձայնը, որը մտածկոտ քայլելով մոտենում է տղայի բակին... նա համարձակվում է առաջ գնալ, ապա ես...

Ընկերները պատմում են, որ Էդիկը Կապանում է ծառայելիս եղել։ Սեպտեմբերի 13-ին խոսել է ընտանիքի անդամների հետ, հետո... զանգերը լռել են։

«Հարազատներին ասել են, որ ինչ-որ ձորում պատսպարված է, շատ տղաներ կան այնտեղ, շուտով բոլորը կհայտնվեն, կապ կհաստատեն ընտանիքի հետ»,- պատմում է Էդիկի ընկերներից մեկը։ Սակայն, սպասված զանգին փոխարինելու է եկել որդու զոհվելու լուրը հայտնելու համար հնչած զանգը։

Էդիկ Բարսեղյանը ժամկետային զինծառայող էր, ընտանիքի միակ արու զավակը։


Նարե Գնունի