Եվրահանձնաժողովը ողջունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը

Հայաստանն իրավունք ունի Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Այս մասին «Իզվեստիային» ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են որոշելու, թե ինչպես ապահովել նման ապագա»,- նշել է Ստանոն։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ նրա ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար։
ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ երբ որևէ երկիր Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, այն քննարկում են անդամ երկրները, այնուհետև՝ համապատասխան որոշում կայացնում «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա»։
Մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ է անում դիտարկել Հայաստանին միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։