Գյուղացիները զգացել են՝ հրազենային կրակոցները թափվել են հենց գյուղի մեջ․ Թադևոսյանը

Գյուղացիները զգացել են՝ հրազենային կրակոցները թափվել են հենց գյուղի մեջ․ Թադևոսյանը

Մեր ունեցած տվյալներով՝ այս պահին իրավիճակը Թաղավարդում և Կարմիր շուկայում ադրբեջանական կողմի կրակոցներից հետո հանգիստ է։ Այս մասին  MediaHub.am-ի հետ զրույցում  ասաց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Գյուղացիները զգացել են, որ հրազենային կրակոցները թափվում են հենց գյուղի մեջ։

Կարմիր Շուկայի տարածքում՝ մոտ 200 մ հեռավորության վրա են գտնվում ռուս խաղաղապահները։ Եղել են ինտենսիվ կրակոցներ մոտ 20 րոպե տևողությամբ, հրաձգային տարբեր տրամաչափի զինտեխնիկայից»,- ասաց Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի28-ին ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ չկան:

Իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։

 

Մերի Գևորգյան