Ադրբեջանական կրակից վնասվել է խոզնավարցի Նադեժդայի տունը, վնասվել է տան պատուհանը  

Ադրբեջանական կրակից վնասվել է խոզնավարցի Նադեժդայի տունը, վնասվել է տան պատուհանը  

«Պետք ա մեկի տան տանիքը կամ պատուհանը վնասվի, որ պաշտպանության նախարարությունն արձագանքի՞։ Ամեն Աստծո օր նույն պատմությունն ա։ Ամեն գիշեր տարբեր ժամերի՝ մինչև լուսադեմ կրակում են»,- ասում է MediaHub-ի խոզնավարցի զրուցակիցը։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

«Մեր տունը գյուղի վերևի հատվածում է, նոր իմացա, որ վնասվել է Նադեժդա տատիկի տունը, որը գտնվում է գյուղի կենտրոնում։ Նա միայնակ ապրող 90 տարեկանին մոտ կին է։ Հիմա ուզում եմ գնամ տեսնեմ, հո՞ չի վախեցել»,- ասում է նա։ 

Խոզնավարի բնակիչը հավաստիացնում է՝ մարտի 22-ից սկսած Խոզնավար, Խնածախ, Արավուս և Տեղ բնակավայրերում հանգիստ չկա։ 

Թե ո՞րն է Ադրբեջանի ակտիվացման պատճառները, Սյունիքում չգիտեն։

Մի բան հստակ է։ «Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության չի գնում։ Մենք չենք հավատում «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը»,- բոլոր սյունեցիների անունից վստահ ասում է մեր զրուցակիցը:  

Նշենք, հայկական կողմը Ադրբեջանին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Հունան Թադևոսյան