Արմեն Գրիգորյանը պետք է զբաղվի ՀԿ-ներով, այլ ոչ թե ազգային անվտանգությամբ

Արմեն Գրիգորյանը պետք է զբաղվի ՀԿ-ներով, այլ ոչ թե ազգային անվտանգությամբ

Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Այդ մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ից պատահականության սկզբունքով կարևորագույն ԱԽ քարտուղարի պաշտոնում հայտնված Արմեն Գրիգորյանը «մենք» ասելով, երևի, նկատի ունի ՔՊ-ական խմբակին, քանի որ ՔՊ-ն չի ներկայացնում ՀՀ քաղաքացիներին, հայկական ազգային, պետական շահը: 

Եթե ՔՊ-ի համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգության հարցն ու իրավունքները, ինչպես նշում է Գրիգորյանը, ապա Արցախի անվտանգության հարցով այս պահին զբաղվում է ՌԴ-ն՝ ռուս խաղաղապահների միջոցով, իսկ արցախահության իրավունքներով կարող է զբաղվել անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հարցը նրանում է, թե իրավունքներ ասելով ինչ նկատի ունի ՔՊ-ի ներկայացուցիչը: Ալիևը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է նույն իրավունքները տրամադրել Արցախի բնակչությանը, ինչպես Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին: Արցախի ՊԲ-ի ապագայի մասին Գրիգորյանը լռում է:

Արմեն Գրիգորյանն ու թիմը պետք է հստակ ձևակերպեն արցախյան հարցում իրենց տեսլականը՝ արդյոք ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությու՞ն է Արցախի անկախությունը, թե ՔՊ-ն այդ նշաձողն իջեցնում է անվտանգության ապահովման ու իրավունքների պաշտպանության ոչինչ չասող, չեզոք ձևակերպումների մակադրակ:

Գրիգորյանը պետք է շարունակեր զբաղվել ՀԿ-ներով, այլ ոչ թե ստանձներ կարևորագույն մի պաշտոն, որի առաջնահերթությունը պետք է լինի հայոց պետականության դիրքերի ամրապնդումը, այլ ոչ թե Արևմուտքի հետ կապերի սերտացումը՝ ի վնաս հայ-ռուսական կապերի:

 

Վահրամ Բագրատյան