Անհեթեթություն է․ Սեյրան Օհանյանը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալության մասին

Անհեթեթություն է․ Սեյրան Օհանյանը՝ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալության  մասին

Աբսուրդ է, անհեթեթություն։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով գեներալ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությանը։ 

Նրա խոսքով՝ Խաչատուրովը ՀՀ զինված ուժերի ակունքներում կանգնած զինվորական ընտանիքի անդամ է, բանիմաց, փորձառու ու պատրաստված սպա, որն իր պարտականությունները մշտապես բարձր մակարդակով է իրականացրել։

«Մենք սա պետք է դիտարկենք այն հետապնդումների շրջանակում, որն այսօր իրականացնում են մեր իշխանությունները, որովհետև Գրիգորի Խաչատուրովն այն սպաներից է, որը մերժել է այս իշխանություններին, քանի որ նրանք մեր երկիրը մտցրին պարտությունների, անհաջողությունների ճգնաժամային հորձանուտ»,- նկատեց Օհանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ գործով են ձերբակալել Խաչատուրովին, բայց ասաց, որ մամուլում կարդացել է, թե հարցը կապվում է իր նկատմամբ իրականացվող շինծու հանրային քրեական հետապնդման հետ։ 

«Ինձ էլ են հրավիրել հարցաքննության, այդ հարցով, ըստ էության, մեղադրանք առաջադրել, ինչն էլ անհեթեթություն է, շինծու գործ է, որն իրականացվում է քաղաքական նպատակներով»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունն այնքան անկարող է, որ անգամ թույլ չի տվել Խաչատուրովին դեղ հասցնել։

«Անհատները, որոնք փորձառու են, որոնք սկզբունքային են, հստակ կանգնած են իրենց դիրքերում, անզիջում մարդիկ են, ձեռնտու չեն այս իշխանություններին։ Իրենք թուլամորթ, շողոքորթող մարդկանց են ընդունում, քանի որ նրանք իրենց կամակատարներն են։ Եվ դա խոսում է թուլության, անկարող լինելու մասին»,- նշեց նա։

Սեյրան Օհանյանը հավելեց՝ իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գրիգորի Խաչատուրովին։

Նշենք, որ քիչ առաջ Գլխավոր դատախազությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որում նշվում է, որ Խաչատուրովը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) մեջ։

Նարե Գնունի