Հայաստանը՝ ներխուժման շեմի՞ն... 

Հայաստանը՝ ներխուժման շեմի՞ն... 

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում: 

«Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր որպես վայր, որտեղով անցնելու էր Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան: Թեև Ադրբեջանի պաշտոնյաները վերջերս իրենց հեռու են պահում Սյունիքով անցնող «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից, այնուամենայնիվ, անհանգստանալու մի քանի պատճառ կա: Արցախի հայկական տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից հետո, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակիչների դաժան սպանություններին և գրեթե ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանը, Ադրբեջանը հրապարակայնորեն իր հայացքն ուղղել է Հայաստանի ամենահարավային Սյունիքի մարզին, որը նա համարում է իր սեփական տարածք՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»»,- ասված է հայտարարությունում:

Հեղինակավոր ինստիտուտն առաջին միջազգային կազմակերպությունը չէ, որը նման մռայլ կանխատեսում է անում:

Արդյո՞ք ունենք անհանգստության իրական պատճառներ: Կարծում ենք՝ այո:

Նախ, Ադրբեջանի համար նպաստավոր գործոն է համաշխարհային տուրբուլենտությունը, որն ավելի է թուլացրել միջազգային զսպող գործիքների ազդեցությունը, միջազգային իրավունքը տոտալ ճգնաժամի մեջ է:

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը միայն մեծացրել է Ադրբեջանի դերն ու նշանակությունը, որն Իսրայելի ու Արևմուտքի համար դարձել է շատ ավելի արժեքավոր գործընկեր՝ Իրանին զսպելու հարցում: Մյուս կողմից, այս հանգամանքը Թեհրանի համար նույնպես մեծացնում է Ադրբեջանի գործոնը:

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսի «խաղաղության դարաշրջանի», «խաղաղության խաչմերուկի» մասին, ակնհայտ է, որ Երևանի և Բաքվի միջև պահպանվում են սկզբունքային հակասությունները. Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29800 քառակուսի կիլոմետր սահմաններով, պահանջում է, այսպես կոչված, անկլավների վերադարձը, միանգամայն այլ պատկերացումներ ունի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, նույնիսկ այն բանից հետո, երբ Փաշինյանի օգնությամբ կլանեց Արցախը:

Ադրբեջանին ակնհայտորեն քաջալերում է նաև այն հանգամանքը, որ ինստիտուցիոնալ ճգնաժամ գոյություն ունի հայ-ռուսական հարաբերություններում:

Արդյո՞ք այս ամենից հետևություններ կանի Նիկոլ Փաշինյանը ու կվարի՞ արտաքին քաղաքականություն, որի հիմքում ոչ թե պատրանքներն ու մոլագարությունն են, այլ ռեալությունը՝ ցույց կտա ժամանակը:

Փաստ է, սակայն, որ Փաշինյանի այսօրվա քաղաքականության հետևանքով խաղադրույքի վրա Հայաստանի պետականությունն է:

Վահրամ Բագրատյան