Արցախցի երեխաները կա՛մ նոր դպրոցներ են գնում, կա՛մ հեռավար են միացել դասապրոցեսին․ Արցախի մշտական ներկայացուցչություն

Արցախցի երեխաները կա՛մ նոր դպրոցներ են գնում, կա՛մ հեռավար են միացել դասապրոցեսին․ Արցախի մշտական ներկայացուցչություն

Մեկ ամսից ավելի է փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանցի իբրև բնապահպանների կողմից ճանապարհը փակելու արդյունքում հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիք։

Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ շրջափակմամբ պայմանավորված՝ շուրջ 1500 արցախցի այս պահին Հայաստանում է։

«Կառույցը մշտապես կապի մեջ է արցախցիների հետ, ցանկացած խնդրով դիմում են և հատկապես կացության խնդիրները տեղում լուծվում են։ Մեզ դիմողների թիվը օր օրի ավելանում է։ Այն մարդիկ, որոնք Երևանում էին առողջական խնդիրների պատճառով՝ այստեղ են, հյուրանոցներում, իսկ այն մարդիկ, որոնք առողջական խնդիրների պատճառով չէին Հայաստան եկել, տեղափոխվել են Գորիսի հյուրանոցներ։ Շուրջ 500 քաղաքացի Գորիսում է, Երևանում ոչ բոլոր քաղաքացիներն են դիմել մեզ, քանի որ ընտրել են իրենց ազգականների հետ բնակվելու տարբերակը, ուստի հստակ թիվ այս պահին ասել չենք կարող»,-նշեց Հայրապետյանը։

Ճանապարհը փակ լինելու արդյունքում տուժում են նաև աշակերտները, Հայրապետյանի փոխանցմամբ՝ մոտ 300 աշակերտ ուսումն Արցախում շարունակելու տարբերակ չունի։ «Ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն է հիմա, կան դեպքեր, որ դպրոց-երեխա միասին փոխգործակցում են, հեռավար են անցկացնում դասերը, բայց ծնողներ կան, որ իրենց երեխաներին հայաստանյան դպրոցներ են տանում, իրենց բնակության վայրին մոտ դպրոցներ են այցելում, երեխաներն են որոշում, թե որն է իրենց համար ավելի հարմար, քանի որ, երբ երեխան այլ դպրոց է գնում, հնարավոր է՝ հավելյալ սթրես ապրի՝ կարծելով, որ այլևս տուն չի կարող գնալ»,-ընդգծեց նա։

Հայրապետյանի փոխանցմամբ՝ հյուրանոցներում հաստատված քաղաքացիների համար սնունդը ևս խնդիր չէ և այն քաղաքացիները, որոնք դիմում են սնունդի համար, նրանց առաջարկվում է հյուրանոց տեղափոխվել։

«Պետք է հաշվի առնենք, որ քաղաքացիները բռնի չեն տեղահանվել, այսինքն անապահովության հարց չկա, պարզապես դժվար իրավիճակում հայտնված մարդիկ են, որոնք կողմնակի աջակցության կարիք ունեն»,- հավելեց մեր զրուցակիցը։

 

Լիաննա Թորոսյան