Ինչքան բանակ չունենանք, այդքան այս վիճակում ենք հայտնվելու. Սամվել Բաբայան

Ինչքան բանակ չունենանք, այդքան այս վիճակում ենք հայտնվելու. Սամվել Բաբայան

Այդ ճանապարհի բացելը Ռուսաստանի խնդիրն է, թող իրենք էլ մտածեն, բացեն։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների քայլերին՝ պետք է միայն հայտարարությունների սպասել, թե Արցախը չի գնա այն զիջումներին, որոնք Ադրբեջանն է պահանջում։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԼՂ-ի պաշտպանության նախկին նախարար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի, Լաչինի միջանցքի փակ լինելու և սպասվող քայլերի մասին։ 

Հիշեցնենք, որ արդեն մեկ օր է՝ ադրբեջանցի իբրև թե բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ 

«Հանքն աշխատում է, որ մարդիկ ապրեն, եթե սա ադրբեջանցիների համար էկոլոգիական խնդիր է, ապա այդ մարդկանց հետ այլ խոսելու բան չկա։ Ոչ ոք՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանն իրավունք չունի ասելու, թե արցախցին իր տարածքում ինչով զբաղվի։ Ոչ ոք Ադրբեջանի էկոլոգիան չի փչացնում, եթե անգամ այդպես են համարում, ուրեմն մենք էլ կարող ենք խոսել Շուշիի շրջանում գետի հուն փոխելու ու կամուրջ կառուցելու մասին, Հադրութի շրջանում թունել կառուցելոււ մասին։ Ադրբեջանն ավելի շատ է էկոլոգիական վնաս տվել այդ քայլերով, իսկ այն, ինչի մասին հիմա իրենք խոսում են, աբսուրդ է»,-ասաց  Սամվել Բաբայանը։ 

Նրա խոսքով՝ անհասկանալի է, որ հայկական կողմն իր խնդիրները չի բարձրաձայնում։ 

«Բանակ չունենք, թույլ ենք, ով ինչ ասում է՝ նայում ենք մյուսի բերանին, տեսնենք՝ ով է մեր տերն ու ինչ է որոշելու։ Ինչքան բանակ չունենանք, այդքան այս վիճակում ենք հայտնվելու ու ուրիշի օգնությանն ենք սպասելու»,- շեշտեց նա։

Սամվել Բաբայանը պնդեց՝ այստեղ որևէ էկոլոգիական խնդիր չկա, պարզապես Ադրբեջանն աշխարհին ինչ-ինչ խնդիր է ուզում ցույց տալ և այս անգամ ընտրել է այս սցենարը։ «Երբևէ լսե՞լ եք, որ անվտանգություն ապահովող ուժը զբաղվի էկոլոգիական հարցերով։ Էդ ուժից ի՞նչ եք պահանջում, էդ ուժն ի՞նչ կապ ունի էկոլոգիայի հետ, իր գործառույթների մեջ նման կետ կա՞, ո՛չ։ Հիմա պարզապես պրովոկացիոն քայլեր են անում, քաղաքական երանգներ տալիս, ՌԴ-ն էլ իր վիճակից ելնելով՝ կուլ է գնում ու փորձում հայկական կողմին համոզել, թե գնացեք, էս զիջումն էլ արեք։ Այսօր, որ սա էլ զիջենք, վաղն ավելի լուրջ զիջումների ենք գնալու։ Ամեն ինչ կընկնի իր տեղը, երբ հայկական կողմը ռուսական կողմի խնդրանքով դադարի զիջումների գնալ։ Ամեն անգամ ասում ենք, բայց էլի հետ քայլ ենք անում»,-ընդգծեց Սամվել Բաբայանը։ 

Խոսելով ներկայումս տիրող իրավիճակի մասին՝ Բաբայանը շեշտեց, որ հիմա համեմատաբար հանգիստ է, բայց ճանապարհը շարունակում է փակ մնալ, “բնապահպաններն” էլ իրենց պահանջից հետ չեն կանգնում։ 

«Արցախի իշխանությունները մերժում են, բնականաբար, իրենց պահանջը ու թույլ չեն տալիս, որ հանք մտնեն։ Բայց ինչ իմանաս, թե ինչ որոշում կկայացնեն, որովհետև մեր իշխանություններն այնքան անսպասելի քայլեր կարող են անել, որ չես էլ կարող կռահել հաջորդ քայլն ինչ է։ Այս պահին մերժում են, թե վաղն ինչ կլինի, չգիտեմ։ Այս ամբողջ խնդիրները բանակ չունենալուց է գալիս»,-նշեց նա։ 

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է տեղի ունեցել։ Նախագահը երեկ էր վերադարձել Արցախ։ Հարցին, թե ի՞նչ ճանապարհով է Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտ հասել, Բաբայանը պատասխանեց՝ նոր ճանապարհ կա, որը ասֆալտապատ չէ։ 

«Սա էլ այլ հարց է, թե այդ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ինչո՞ւ մինչև օրս կառուցված չէ։ Ադրբեջանն իր «փայն» արել է, բա մենք ինչո՞ւ չենք անում։ Դուք այսօր անցաք, բայց ժողովուրդն ինչ անի՞»,- հավելեց մեր զրուցակիցը։

Լիաննա Թորոսյան