Փաշինյանը ֆլիրտ է անում Արևմուտքի հետ, ՌԴ-ն՝ դժգոհում․ ինչո՞ւ է ռուսական մամուլը Փաշինյանի դեմ դուրս եկել

Փաշինյանը ֆլիրտ է անում Արևմուտքի հետ, ՌԴ-ն՝ դժգոհում․ ինչո՞ւ է ռուսական մամուլը Փաշինյանի դեմ դուրս եկել

Ռուսական մամուլը կարծես թե նոր է նկատում, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, ինչպես նաև Արցախի հարցը, զարգացումները դուրս են եկել Մոսկվայի վերահսկողությունից։ Իրենք «հանկարծ նկատել են դա» և գրում են, թե Փաշինյանը գնում է վաշինգտոնյան փաստաթղթի ստորագրման ճանապարհով, որից հետո Ռուսաստանի ազդեցությունը, ռուսական ռազմաբազայի ազդեցությունը ՀՀ-ում անիմաստ է դառնում։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով վերջին օրերին ռուսական մամուլում Նիկոլ Փաշինյանի դեմ հրապարակվող հոդվածների մասին։ 

«Նրանց մտավախությունն այն է, որ արևմտյան ծրագիրը Ռուսաստանին դուրս է հանելու Հայաստանից և Փաշինյանին մեղադրում են արևմտյան և հակառուսական ծրագիր իրականացելու մեջ։ Այս գործընթացը նոր չէ, ամիսներ է արդեն, ինչ այս պատկերն ունենք և Փաշինյանը ֆլիրտը Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ բերելու են նրան, որ ՌԴ-ի վերահսկողությունից դուրս է գալու իրավիճակը»,-ասաց նա։ 

Քաղաքագետի խոսքով՝ թե՛ ռուսական մամուլի, թե՛ ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանն իրականում մտահոգված է ՀՀ-ի դիրքորոշումից, քանի որ իրենք կարծում էին՝ գործընթացն իրենց վերահսկողության տակ պետք է գտնվի։ 

«ՌԴ-ն Պրահայի հայտարարությունից հետո հասկացավ, որ թեկուզ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից հետո էլ այնպես չէ, որ ամեն ինչ իր ձեռքերում է։ Խառնվել են իրար, տիպիկ ռուսական մոտեցում է՝ արջը քիչ-քիչ արթնանում է։ Դեռ մեդիադաշտում է իրարանցումը, թե ինչ արձագանք կունենա իրավիճակը պաշտոնական տիրույթում՝ առաջիկայում կտեսնենք։ Աստանայում Պուտինը փորձեց նորից խաղն իր դաշտ վերադարձնել՝ Փաշինյանին և Ալիևին հրավիրելով եռակողմ հանդիպման»,-ընդգծեց քաղաքագետը։ 

Դիտարկմանը, թե ՌԴ-ի նման տեսակետը չի արդարացվում այս իրավիճակում, քանի որ նրա խնդիրներն էլ քիչ չեն և դրանցով է տարված, վերջինս արձագանքեց՝ բացի խառը լինելուց, ՌԴ-ն կաշկանդվածություն ունի.

«Թե՛ տնտեսական, թե՛ դիվանագիտական առումով ՌԴ-ն և՛ Թուրքիայից, և՛ Ադրբեջանից կաշկանդված է և պարզ է, որ ՀՀ-ից իրավացիորեն դժգոհում են ռազմավարական դաշնակցի պահվածքից։ Ռուսական կողմի բողոքն իրենց շահից է»։ 

Հիշեցնենք, այսօր ռուսական հեղինակավոր «Վեդոմոստի» պարբերականը հոդված էր հրապարակել “Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, որ Հայաստանը տանի Արևմուտք” վերտառությամբ, որում նշվում էր, թե ռուսական Telegram ալիքներից մեկը հոկտեմբերի 10-ին հրապարակել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, վաշինգտոնյան փաստաթուղթը. «Փաստաթուղթը արևմտյան միջնորդական առաքելության արդյունք էր և, ըստ տարբեր աղբյուրների, Բրյուսելի և Պրահայի մի շարք բանակցություններից հետո, ինչպես նաև Վաշինգտոնում ԱԳ նախարարների և Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումից հետո ընդունելի է Ալիևի ու Փաշինյանի կողմից»,-ասվում էր հոդվածում

Լիաննա Թորոսյան