Օղակն Արցախի շուրջ սեղմվում է

Օղակն Արցախի շուրջ սեղմվում է

Վերջին երկու օրերին Ադրբեջանի իշխանությունները դիմում են բացահայտ սադրանքի՝ նպատակ ունենալով փակել կամ առնվազն վերահսկողություն սահմանել Արցախը Հայաստանին կապող միջանցքի նկատմամբ:

Հայաստանից Արցախ ուղևորվող քաղաքացիները շաբաթ օրը կեսօրից հետո մոտ 4 ժամ անորոշության մեջ էին:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում էին քաղաքացիական հագուստներով ադրբեջանցիները փակել ճանապարհն՝ իբրև թե բնապահպանական մոտիվներով:

Բաքուն հայտնել է, թե մասնագետների խումբ է ուղարկել խաղաղապահների տեղակայման վայր՝ «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։

Ադրբեջանցիները կիրակի սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով ադրբեջանական բեռնատարների շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։

Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ, ինչի հետևանքով՝ տեղացի հայերի ու անկոչ հյուրերի միջև քաշքշուկ է սկսվել:

Ակնհայտ է, որ Բաքուն պահը նպաստավոր է համարում՝ Լաչինի միջանցքի հարցը լուծելու համար:
Առաջին հերթին, հենց այդ նպատակով է Բաքուն շրջանառու դարձնում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի արհեստական թեման, որպեսզի իբրև թե դրա մերժումը պատրվակ ընդունելով՝ փորձի փակել Լաչինի միջանցքը կամ վերահսկողություն սահմանել դրա նկատմամբ՝ ռուսների հետ միասին:

Բաքվում կարծում են, որ Ռուսաստանի ձեռքերը կաշկանդված են ուկրաինական պատերազմով ու Մոսկվան առնվազն խուսափելու է կոշտ հակադրության գնալ Բաքվի հետ:

Մյուս կողմից, Բաքվում վստահ են, որ Երևանից որևէ դիմադրության չեն հանդիպելու: ԱԺ վերջին արտահերթ նիստում ՔՊ պատգամավորները՝ իրենց ելույթներում, բացահայտորեն իջեցնում էին Արցախի սուբեկտությունը՝ դրա ապագան տեսնելով Ադրբեջանի կազմում:

Ըստ ամենայնի, մեզ սպասվում է նոր էսկալացիա, եթե, իհարկե, միջազգային հանրությունը կոնկրետ քայլերով չհակազդի Բաքվի ագրեսիվ քաղաքականությանը:

Վահրամ Բագրատյան