Շինթույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափերի գները 10 անգամ կբարձրանան

Գտնում ենք, որ այսօր անավարտ շինություններn ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկը տեղական տուրքի դրույքաչափերի ցածր լինելն է։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Երևանի ցանկացած գոտում 5000 քառակուսի մետր շինարարության համար տեղական տուրքի դրույքաչափը կազմում է 500 հազար դրամ։ Այժմ առաջարկվում է բարձրացնել տուրքի դրույքաչափերը՝ 2-ից մինչև 10 անգամ։

«Այսինքն՝ Երևանի 1-4 գոտիներում թույլտվություն ստանալու համար այլևս 1 քառակուսի մետրի հաշվով առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար 5000 քառակուսի մետր շինարարության համար տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 1 մլն դրամ»,-ասաց նախարարը։

Նախատեսվում է նաև, որ սահմանված ժամկետում շինարարությունն ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ դիմեն շինարարական թույլտվության ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարեն ավելի բարձր դրույքաչափերով տեղական տուրք։ Ըստ նախարարի, այս օրենքների հիմնական նպատակը անավարտ շինությունների ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է։

Նշենք նաև, որ փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Հարկային օրենսգրքում», «Տեղական տուրքի և վճարների մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկման կադաստրային գնահատման կարգ սահմանելու մասին» օրենքներում։

Մանրամասները՝ տեսանյութում։