Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը, Մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ․ Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը, Մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո: Այս փաստն իշխանական քարոզչամեքենան եւ իշխանականները փորձեցին ներկայացնել «ինքնիշխանության», սուվերենության, պարզ ասած՝ Պուտինին չենթարկվելու լույսի ներքո, նախ անտեսելով մի կարեւոր հանգամանք, թե այդ ինչպես եւ ում որոշմամբ էին սահմանապահները հայտնվել հիշյալ վայրերում:

Մինչդեռ նրանք այնտեղ էին հայտնվել Փաշինյանի որոշմամբ ու խնդրանքով։ Իրականում խաղաղության պայմանագրի դեռեւս նախնական տարբերակում Ալիեւի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն։ Մեզ են տրամադրել այդ փաստաթղթի այն հատվածը, որտեղ սեւով սպիտակի վրա բառացի գրված է. «Կողմերը պետք է բացառեն իրենց սահմանագծին երրորդ կողմի ուժերի առկայություն»։ Այսինքն՝ Փաշինյանը ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսեւորել, այլ կատարել է Ալիեւի հերթական պահանջը։ Սրանով է պայմանավորված, որ  ռուսաստանյան սահմանապահ ուժերը կպահպանեն իրենց ներկայությունն Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմաններին:

«Փաստ» օրաթերթը գրում է. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 2020 թվականի նոյեմբերի 21-ին հանրահավաքում ունեցած ելույթում, խոսելով 2018-ին Իջևանում անտառահատների բողոքի հետ կապված Փաշինյանի իշխանության արձագանքի մասին, պատմեց, որ այդ ժամանակ «Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց մի խումբ բողոքում է, հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասաց. «Ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»»: Սա Փաշինյանին բնորոշող ամենատիպիկ վկայություններից մեկն է: Տեսնես՝ հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը իր ընկերոջը՝ ՆԳ նախարարին: Այս հարցն առաջին պլան է գալիս սկսյալ դեռ Կիրանցում ոստիկանական «սևաբերետ» ստորաբաժանման դրսևորած բռի վայրագություններից, երբ խաղաղ բնակչության վրա հարձակվելուց հետո նրանք... ողջագուրվում էին միմյանց հետ, ասես՝ մի մե՜ծ սխրանք էին գործել, մի մե՜ծ հաղթանակ էին տարել:

Հիմա Փաշինյանի «ներքին հրահանգի» բովանդակությունը երևում է, օրինակ՝ երեկ «կարմիրասևբերետավոր» ոստիկանների խայտառակ ու մարդատյաց (այս դեպքում՝ հայատյաց) պահվածքով, կանանց, անչափահասների, զոհվածների մայրերի, ընդհանրապես խաղաղ ցուցարարների նկատմամբ թիրախավորված հարձակումներով: Առանձնահատուկ պետք է ընդգծել «բերետավորների» նպատակային թշնամական, ագրեսիվ պահվածքը լրագրողների նկատմամբ, որի հետևանքով վնասվածքներ ստացան մեր երկու գործընկերներ: Ու ինչն է հատկանշական. «բերետավորներն» ու նրանց գլխավորողը այդ ամենը անում էին առանձնահատուկ հաճույքով, այնպիսի պատրաստակամությամբ, որ 1 քաղաքացու ասֆալտին ծեփելու համար միմյանց հերթ չէին տալիս ու իրար էլ էին «հեծնում»:

Վերջում հավելենք, որ երեկ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել մոտ 200 խաղաղ ցուցարար: Ինչպես տեսնում ենք, օր օրի վրա այդ թիվը մեծանում է: Իսկ ինչի՞ մասին է խոսում այդ հանգամանքը: Թե՛ ոստիկանական ուժերի աճող ագրեսիան, թե՛ բերման ենթարկվողների օրավուր աճող թիվը խոսում է առաջին հերթին նրա մասին, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը լուրջ ծավալներ է ստանում: Դա էլ իր հերթին անհանգստացնում է իշխանություններին, որոնք քաղաքացիների նկատմամբ բռնարարքների են դիմում՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն, իր անձնական շահերից ելնելով, ամեն ինչի պատրաստ է: Նման օրինակների պակաս չկա: Սակայն դա՝ մինչ այն պահը, երբ հանրային պահանջի ծավալներն անկասելի կլինեն: Չհաշված մնացյալ գործոնները...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Ուրարտու» ՖԱ-ին ու իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։ Սա զուտ սպորտային իրադարձություն կլիներ, եթե պարգեւատրման ու գավաթի հանձնման արարողությունը չուղեկցվեր սկանդալով: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ներկա երկրպագուների աչքից չի վրիպել փաստը, որ պարգեւատրման արարողության ժամանակ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին մոտեցող ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի եւ նրան ուղեկցող Արմեն Նիկողոսյանի դեմ, ըստ էության, բոյկոտել է թիմի մարզչական շտաբը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, ու չի մոտեցել ՀՖՖ նախագահին՝ գավաթը հանձնելու պահին։ Այսքանով ամեն բան չի ավարտվել. կատարվածից սաստիկ զայրացած ՀՖՖ ղեկավարությունը, ոչ պաշտոնապես հայտարարել է, որ այլեւս չի վաճառի ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի մի հատվածը «Արարատ-Արմենիային», որի մասին «Հրապարակի» մեր գործընկերների հետ զրույցում խոսել էր թիմի պաշտոնյաներից մեկը՝ ըստ էության հաստատելով, որ բանակցություններն «Արարատ-Արմենիայի» ու ՀՖՖ-ի միջեւ այս ուղղությամբ ընթանում են։ Ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրները հայտնում են, որ այս քայլով, «Փյունիկ» ՖԱ-ից հետո «սեւ ցուցակում» կհայտնվի նաեւ «Արարատ-Արմենիան»։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, իսկ այդ թիմի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը ՀՖՖ նախագահի վերջին ընտրություններից առաջ իր դիրքորոշումն էր հայտնել՝ չսատարելով ինչ-ինչ ճանապարհներով ՀՖՖ նախագահ դարձած Արմեն Մելիքբեկյանին։ Մենք բազմիցս անդրադարձել ենք ՀՖՖ-ում տիրող ոչ ֆուտբոլային բարքերին, ֆինանսական ոչ թափանցիկ, ուստի՝ հարցեր առաջացնող խնդիրներին, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ արդյունքներին ու բազմաթիվ նմանատիպ հարցերի։ Զարմանալի է, որ ֆուտբոլային աշխարհում նման հեղինակություն ունեցող անձինք շարունակում են վայելել իշխանությունների համակրանքը՝ չտալով ոչ մի արդյունք ու չկարողանալով նույնիսկ նորմալ մթնոլորտ ապահովել ոլորտում։

Ըստ էության՝ Արմեն Մելիքբեկյանն ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանն ամեն բան անում են, որպեսզի ֆուտբոլային բազմահազարանոց աշխարհը եւս միանա իշխանափոխության պահանջին. իսկ դա հասունանում է, ու այդ ամենի «ճարտարապետը» ՀՖՖ ներկա ղեկավարությունն է»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անգամ ժողովրդական շարժումը եւ երկրում տիրող անհանգիստ իրավիճակը ՔՊ-ականներին հետ չեն պահում վոյաժներից․ այս օրերին, երբ մարդիկ անհնազանդության ակցիաներ են իրականացնում իշխանությունների դեմ, խորհրդարանական խմբակի ներկայացուցիչներն իրենց չեն զրկում շրջագայություններից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեծաթիվ պատվիրակությամբ հերթական գործուղմանը կմեկնի։ 9 հոգանոց խումբը Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար մայիսի 15-18-ը կլինի Ժնեւում։ Պատվիրակության կազմում միայն աշխատակազմի ներկայացուցիչներն են` նրա խոսնակը, խորհրդականը, օպերատորը եւ այլք։

Պաշտպանության հանձնաժողովի անդամներ Քրիստինե Պողոսյանն ու Արմեն Խաչատրյանն էլ երեկվանից քառօրյա այցով Բրյուսելում են՝ Ժնեւի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) եւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի (PfPC) քարտուղարության կազմակերպած «Ժողովրդավարական արժեքների պաշտպանություն. անվտանգության ոլորտի կառավարման եւ խորհրդարանական վերահսկողության դերը» թեմայով կլոր սեղանին մասնակցելու։

Աշխատանքային այցով մայիսի 12-15-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) են գործուղվել ՔՊ-ականներ Հակոբ Արշակյանը, Հասմիկ Հակոբյանը, Թագուհի Ղազարյանը։ Մայիսի 15-18-ը Ռուբեն Ռուբինյանը կլինի Փարիզում: Դե իսկ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն` այսօր Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցելու, որտեղ քննարկվելու է «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեման: Նշենք, որ ընդդիմադիրները ներքին որոշում ունեն՝ այս օրերին մերժել գործուղումները: