«Ազգի ճակատագրի հետ խաղացին»․ Սամվել Բաբայանն ամփոփում է Արցախի 2022 թվականը

«Ազգի ճակատագրի հետ խաղացին»․ Սամվել Բաբայանն ամփոփում է Արցախի 2022 թվականը

44-օրյա պատերազմից, նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ փաստաթղթից, համաձայնություններից հետո ադրբեջանական ագրեսիան չի դադարում, թշնամու ախորժակը մեծանում է՝ գյուղեր, հողեր, ճանապարհներ։

2022 թվականը Արցախի և Հայաստանի համար խաղաղ սկսվեց, սակայն հեղհեղուկ այդ հանգստությունը երկար չտևեց․ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտեցին շփման գիծը: Սակայն սրանով ոչինչ չսահմանափակվեց՝ տարին ամփոփվեց Լաչինի միջանցքի փակմամբ։ 

MediaHub.am-ի հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԼՂ-ի պաշտպանության նախկին նախարար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանն ամփոփել է Արցախի 2022 թվականը։

«Իրականում, ուզում էի, որ 2022 թվականը ավելի խելամիտ անցկացնեինք, որ մեր պաշտպանությունն ավելի ամրացնեինք, բայց ինչպես տեսնում եք՝ դրանով չզբաղվեցին, տարին էլ փակեցին ինտիգներով։ Որևէ սպասելիք չի իրագործվել և ինչքան էլ փորձենք իրագործել, ոչինչ չի փոխվելու, քանի որ ունենք այն, ինչ ունենք՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում»,-ասաց նա։

Ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանի կիրառած ագրեսիան Բաբայանի համար սպասելի էր։ 

«30 տարի «միջանցք» բանակցողները ո՞ւր են, ինչո՞ւ ենք հիմա այս վիճակին հասել, չե՞ն ուզում պատասխանատվություն կրել։ Մեղքը միշտ պետք է մեր մեջ նաև փնտրենք, ինչո՞ւ ենք միշտ ուզում դիմացինին մեղադրել: Ստեղծված իրավիճակում մենք հայտնվեցինք, որովհետև Ադրբեջանը պարարտ հող ուներ։ Ադրբեջանը կարողացավ մեր կյանքի ճանապարհը փակել, մենք էլ հայտնվեցինք ճգնաժամի առաջ, քանի որ հնարավորություն ունեինք այլընտրանքային ճանապարհ կառուցելու, բայց այդպես էլ չարեցինք։ Այդ ճանապարհով որևէ ադրբեջանցի չէր կարող անցնել, 20-25 կմ հեռու էին լինելու, ինչո՞ւ իրենց պարտականությունները չեն կատարել, սա հնարավորություն էր, որից չենք օգտվել, որ թողել ենք թշնամին մեզ ավելի ճնշի։ Եթե այդպիսի ղեկավարին հրապարակում ժողովուրդը չի կախում, ուրեմն պետք է ժողովրդի համար սա դաս լինի։ Չի կարելի մի ամբողջ ազգի ճակատագրի հետ խաղալ»,-նշեց Բաբայանը։ 

Թե ինչն է պատճառը, որ պատերազմից երկու տարի անց էլ Արցախը ոտքի չի կանգնում, Սամվել Բաբայանը դժվարացավ պատասխանել։

«Կարծում եմ, որ ֆինանսապես պատրաստ են եղել, կարող էին կառուցել, բայց չեն արել։ Չեն արել, որովհետև ասել են՝ ի՞նչ է եղել, գնում գալիս ենք, ինչի՞ վռազենք, հեսա կհաշտվենք։ Կարող ենք ամեն ինչ ենթադրել, բայց այս ամենի միակ լուծումն այն է, որ խելքի գան, բանակն ամրապնդեն ու ռազմավարական կախվածությունից դուրս գան։ 2023 թվականին սա իրատեսական կլինի, եթե իշխանությունները ցանկություն ունենան»,- ասաց նա։

Իսկ 2023 թվականի լավագույն մաղթանքն, ըստ Բաբայանի, համախմբումն է...

Լիաննա Թորոսյան