Կոտայքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում հերթական մեքենան է թալանվել․ Shamshyan

Կոտայքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում հերթական մեքենան է թալանվել․ Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների հսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «պլաշչադկայում»:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լևոն Գ.-ն և հայտնել, որ 3 օր առաջ Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով իր «BMW» մակնիշի ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է Աբովյան քաղաքում գտնվող հատուկ պահպնավող տարածք:  

Լևոն Գ.-ի ահազանգով ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Պարզվել է, որ գողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատածում՝ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ՀՀ Կոտայքի մարզի գումարտակի պարեկային ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնին հարակից ավտոկայանատեղիից:  

«BMW»-ի վրայից գողացել են էլեկտրական մարտկոցը, սպոլերը, և «Bosch» մոդելի ձայնային ազդանշանները:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքում, կարծես, ավանդույթ է դարձել ավտոմեքենաների գողության դեպքերը: