Ոստիկանապետը ներողություն կխնդրի՞․ Եռաբլուրից 37 անձ է բերման ենթարկվել

Ոստիկանապետը ներողություն կխնդրի՞․ Եռաբլուրից 37 անձ է բերման ենթարկվել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնից այսօր 37 անձ է բերման ենթարկվել։ Այս մասին MediaHub.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները դեռ գիշերվանից Եռաբլուրում էին, նրանք ակցիա են իրականացրել՝ նշելով, որ Կառավարության ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի Եռաբլուր մտնելու։ Ակցիայի արդյունքում միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և ծնողների միջև, որից հետո ծնողներին բերման ենթարկեցին։ 

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ավելի ուշ հայտնեց, որ վնասվածքներ ստացած ծնողներ կան։ Հատկանշական է, որ միջադեպի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ներկա էր։ 

MediaHub.am-ը Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ոստիկանապետը պատրաստվում է ներողություն խնդրել Եռաբլուրում կատարվածի համար.

«Այս թեմայով վաղը կխոսենք»,-պատասխանեց նա. այսօր Հայաստանում ոչ աշխատանքային օր է։

Այս պահի դրությամբ բերման ենթարկված քաղաքացիները ազատ են արձակվել։

Լիաննա Թորոսյան