Նվազագույն աշխատավարձը կբարձրանա, բայց մարդիկ ավելի կաղքատանան․ պոպուլիստական հերթական քայլը

Մարտի տասին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, ըստ որի՝ նվազագույն աշխատավարձը 2023 թվականին 68 հազար դրամից հասնելու է 80 հազար դրամի։ Առաջին հայացքից խիստ դրական այս փոփոխությունը բավականին լուրջ ռիսկի տակ է առնում պետության տնտեսական համակարգը՝ որևէ կերպ չլուծելով քաղաքացու սոցիալական խնդիրները։

2021 թվականի վեջրին եռամսյակին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 71, 570 դրամ, այսինքն՝ 3500 դրամով ավելի, քան մեկ դրույքի համար նախատեսված նվազագուն աշխատավարձը։ Իսկ այժմ, երբ աշխատավարձի բարձրացման ֆոնին գնաճը զսպելն ուղղակի հնարավոր չի լինի, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ շատ ավելի հավանական է, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ոչ թե 3500, այլ՝ օրինակ, 7000 դրամով գերազանցի նվազագույն աշխատավարձին։

Բացի այդ, ըստ տնտեսագետի, մասնագիտական հանրության հետ պետք է քննարկվեին հավանական բոլոր սցենարները, ինչը չի արվել, կամ եթե արվել է, ապա այնպիսի գաղտնի պայմաններում, որ ոչ ոք տեղյակ չի եղել։ Այսինքն՝ հերթական անգամ պոպուլիզմը հաղթում է սառը բանականությանը։