Էլ ոչ ոք չպետք է համարձակվի ԱԺ ամբիոնից ասել՝ ինչ պետք է, այն էլ բանակցում ենք․ Մամիջանյան

Մենք բերել ենք օրենսդրական նախաձեռնություն, որ այստեղ ոչ ոք այլևս լկտիություն չունենա ասելու՝ ինչ պետք է, այն էլ բանակցում ենք, որ էլ երբեք ԱԺ-ն չհայտնվի լուսանցքում՝ բանակցային կարևոր որոշումների ժամանակ։ Այդ մասին այսօր Արցախի հարցով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ այս ԱԺ-ի ընդդիմությունը «կոֆե խմող» ընդդիմություն չի։

«Մեր բերած նախագիծը ենթադրում է, որ ՀՀ ԱԳ նախարարը և վարչապետը, համապատասխանաբար, երեք և վեց ամիսը մեկ, գաղտնի փաստաթղթով զեկույց ներկայացնեն ԱԺ՝ հիմնական արտաքին քաղաքականության և առկա իրավիճակի վերաբերյալ»,- ներկայացրեց Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ այդ զեկույցները ստանալուց հետո, ԱԺ պատգամավորների 25 տոկոսի ստորագրությամբ, նշված պաշտոնյաները հրավիրվելու են ԱԺ՝ փակ նիստում զեկուցելու և հարցերին պատասխանելու համար։

Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ այս մոդելը գործում է տարբեր երկրներում։

«Խորհրդարանական ընդդիմությունը հիշում է՝ ինչու է եկել ԱԺ, և այո՛, մենք այս մանդատը վերցրել ենք իշխանափոխության համար։ Իսկ այս նախագիծը բերել ենք, որպեսզի իշխանության մեջ եղած մարդկանց գոնե զսպենք։ Քանի դեռ իշխող ֆրակցիայում գրեթե ոչ ոք չի համարձակվում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ չեն ասում՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են, մենք դեռևս նման սահմանափակող նախագծեր պետք է բերենք»,- ասաց պատգամավորը։

Հայկ Մամիջանյանն իր ելույթն ավարտեց ներողության խոսքով, նա ներողություն խնդրեց արցախցի փոքրիկ Մարիայից, որն իշխանության մեջ գտնվող շատերից զգալիորեն ավելի հայրենասեր ու պահանջատեր է։

«Մարիա ջան, դու ու իմ սանիկը նույն տարիքի եք, կներես, որ մենք քո ցասման մեղավորներին դեռ չենք վռնդել, կներես, որ մեր հայրենիքը չենք մաքրել։ Քո պես բալիկ ունեցողը «դատապարտված է» հաջողության հասնել»,- նշեց Հայկ Մամիջանյանը։