Հանգուցալուծում չի լինելու. Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը նրա գլխին կախված սուր է․ Վարազդատ Հարությունյան

Հանգուցալուծում չի լինելու. Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը նրա գլխին կախված սուր է․ Վարազդատ Հարությունյան

Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, կարծում եմ, հանգուցալուծում չի ունենալու, այն օգտագործվելու է որպես Մնացական Մարտիրոսյանի գլխին կախված սուր։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ խոսելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդություն մասին։ 

Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և այն ԲԴԽ ներկայացնելու առիթը հանդիսացել է Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետություն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի մայիսի 18–ի վճիռը։ 

ԲԴԽ-ն որոշել է ներկայացված միջնորդության քննության կապակցությամբ նիստը նշանակել օգոստոսի 25-ին, ժամը 15:15-ին: Փաստաբանի կարծիքով՝ կա՛մ դատավորը պատասխանատվության չի ենթարկվի, կա՛մ վարույթը ձգձգվելու է։ 

«Մնացական Մարտիրոսյանն իր պրակտիկայում բազմաթիվ խնդրահարույց գործեր է ունեցել, բայց ինչ էլ լինի, մեկ բան հստակ է, որ վերջինս անշեղորեն կատարում է իշխանությունների կամքը»,- հավելեց Հարությունյանը։

Հիշեցնենք նաև, որ Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճռով դեռևս 13 տարի առաջ Վարդան Ջհանգիրյանը (ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը) մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարի ազատազրկման, սակայն այն պայմանականորեն չի կիրառվել։ Վարդան Ջհանգիրյանը հետագայում ազատվել է պատժից համաներմամբ: 

 

Լիաննա Թորոսյան