«Ի՞նչ ես ուզում», «լռություն», «ավարտեք»․ ՔՊ-ականն ընդհատեց Աբրահամյանին
44-օրյա պատերազմից հետո ձևավորված նոր բնագծերում բազմաթիվ դեպքեր են գրանցվում, վերջին ողբերգական միջադեպն էլ երեկ էր։ Ես ուզում եմ հասկանալ՝ բանակցություն ասվածը՝ սահմանային ճշգրտումների համատեքստում, ինչպե՞ս է կանոնակարգվում։ Այսօր ԱԺ-ում նման հարց հնրեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։
Պատասխանելով հարցին՝ Սարգսյանն ասաց, որ բանակցությունների ժամանակ, որպես կանոն, գործողություններն իրականացվում են հրամանատարների միջոցով՝ ներքին պայմանավորվածություններով։
«Բանակցություն ասվածը լայն հասկացություն է, պարո՛ն Աբրայամյան, և փոքր հարցի շուրջ պայմանավորվածությունն էլ բանակցություն է։ Տեղում լինում են սպաներ, որոնք դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում։ Իսկ ինչ վերաբերում է՝ ով է որոշում սահմանը, պարզ է. կա ստեղծված հանձնաժողով, որը զբաղվում է սահմանագծմամբ ու սահմանազատմամբ։ Իսկ տեղային վեճերը, որ ծագում են, լուծվում են տեղում՝ բանակցության միջոցով»,- նշեց նա։
Ըստ Արման Սարգսյանի՝ տեղում իրավիճակ է լինում, երբ հրամանատարն արձագանքում ու չի թողնում, որ մեծ բախում լինի։
Արձագանքելով՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ հակասություն է առաջանում, քանի որ երեկ այդ բախումը բերել է ողբերգության։
«Եթե մի կողմից կա սահմանագծման, սահմանազատման հանձնաժողով, դրա հիմքում կան սկզբունքներ, որոնք պետք է իրականացվեն, ապա անհասկանալի է տեղում հրամանատարների կողմից նախաձեռնողականությունը։ Երկորդ հակասությունն էլ այն է, որ երբ մարտական հենակետի ուղղությամբ ադրբեջանցիներ են գալիս, ապա կանոնագրքով այլ բան պետք է արվեր, այլ բաներ են սահմանվում։ Անհրաժեշտ միջոցառումներ չեն եղել, և բանակցությունների տապալման հետևանքով չորս զինծառայող է զոհվել»,- ասաց նա։
Աբրահամյանի խոսքն ընդհատեց ՔՊ-ական պատգամավորներից մեկը, որի խոսքն այնքան էլ լսելի չէր։ Տիգրան Աբրահամյանն էլ պատասխանեց՝ ի՞նչ, է, ի՞նչ ես ուզում։
Այդ ժամանակ միջամտեց նիստը վարող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որ նախ լռության կոչ արեց, ապա Տիգրան Աբրահամյանին ասաց, որ ավարտի իր խոսքը։
«Ավարտեցի․․․ ի՞նչ ես խոսում»,- նշեց Աբրահամյանը։
Ի պատասխան՝ Արման Սարգսյանն ասաց, որ բանակցությունների բացակայության պատճառով չի եղել, ադրբեջանցիների կողմից սադրանք է եղել։
Մանրամասները՝ տեսանյութում։