Շաքարային դիաբետի դեմ կիրառվող տարածված դեղամիջոցն օժտված է հակաքաղցկեղային ազդեցությամբ․ հետազոտություն

Մետֆորմինը, որը սովորաբար նշանակվում է արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկողության տակ պահելու համար, կարող է դանդաղեցնել հաստ և ուղիղ աղիքներում քաղցկեղի բջիջների աճը։ Այս մասին է փաստում գիտնականների վերջին հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Cancers պարբերականում։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մետֆորմինի ընդունումը կարող է պաշտպանել շաքարային դիաբետով հիվանդներին քաղցկեղի որոշ տեսակների զարգացումից, այդ թվում՝ աղիների (կոլոռեկտալ) քաղցկեղից: Նոր հետազոտության շնորհիվ գիտնականները պարզել են, որ այս ազդեցությունը կապված չէ շաքարի մակարդակի նվազման պատճառով հիվանդների վիճակի ընդհանուր բարելավման հետ։ Պարզվել է, որ մետֆորմինն ուղղակիորեն ազդում է քաղցկեղի բջիջների վրա, փոխանցում է Tert.am-ը:
Մասնավորապես, այս դեղամիջոցը նվազեցրել է PIK3R3 գենի ակտիվությունը, ինչի արդյունքում քաղցկեղի աճն ու տարածումը դանդաղում է։ Սա պայմանավորված է գենի ակտիվությունը վերահսկող որոշակի միկրոՌՆԹ-ների՝ փոքր մոլեկուլների մակարդակի բարձրացմամբ: Մետֆորմինն ինքնին հազիվ թե կիրառվի ուռուցքաբանության մեջ, սակայն հայտնաբերված միկրոՌՆԹ-ները կարող են հիմք հանդիսանալ քաղցկեղի դեմ նոր թերապիայի մշակման համար: