Մեղադրյալ` առանց ծանուցման․ Արմեն Աշոտյանը մանրամասներ է պատմում

Մեղադրյալ` առանց ծանուցման․ Արմեն Աշոտյանը մանրամասներ է պատմում

Օդանավակայանում ինձ խնդրեցին սպասել մինչև ճշտեն խնդիրը, կես ժամ անց ասացին, որ կներեք, պարոն Աշոտյան, ձեզ չեն թույլատրել լքել Հայաստանը, չենք կարող, քանի որ դուք մեղադրյալ եք ինչ-որ գործով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Գիշերվա կեսին, մոտ ժամը 3-ին, երբ անցա ամբողջ հաշվառումը, մոտեցա անձնագրային ստուգման հատվածին, ԱԱԾ աշխատակիցները շատ սիրալիր սկսեցին սպասարկել, ինչպես բոլոր հաճախորդներին, մեկ էլ հանկարծ այդ աշխատակցի դեմքին, երբ արդեն պետք է խփեր իմ կնիքը, զարմանք եկավ, համակարգչի վրա ինչ-որ նշան հայտնվեց և ես առնվազ 20 րոպե ստիպված եղա սպասել, որովհետև իրենց համար դա անակնկալ էր, որ իմ մեկնելու վրա կա ահազանգ»,- պատմեց նա։

Որից հետո  Արմեն Աշոտյանին փոխանցել են հեռախոսահամար, որը պարզվել է Քննչական կոմիտեի քնիչներից մեկի հեռախոսահամարն է, ով քննում է Բժշկական համալսարանի հետ կապված քաղաքական սկանդալի վերածված գործը։ Դրանից հետո Աշոտյանը դուրս է գալիս օդանավակայանից, քանի որ այլևս անիմաստ էր այնտեղ մնալը։ 

Ըստ նրա՝ ԱԱԾ աշխատակիցները օդանավակայանում իրենց շատ կոռեկտ են պահել, ինքը խնդիրը տեսնում է Քննչական կոմիտեում և դատախազությունում, այս երկու կառույցներն անվանելով «սիամական երկվորյակներ»։

«Պարզվում է, որ ես անցնում եմ որպես մեղադրյալ, իբր թ,ե ինչ-որ մի քրեական գործով, բայց ես այս պահին ծանուցում չունեմ, որպես մեղադրյալ։ Անհասկանալի է ինչ գործով եմ ես անցնում, կարգավիճակը ևս անհասկանալի է, քանզի ինձ որևէ մեկը չի ծանուցել այդ մասին»,-ընդգծեց Աշոտյանը։ 

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ծանուցման բացակայությունից զատ իր հանդեպ կատարվել է չհեռանալու մասին որոշում, որն ինքը չի հաստատել, քանի որ չի եղել ծանուցում։

«Խափանման միջոցի ընտրության հարցը նույնպես ապօրինի է, որովհետև ես չբացակայելու մասին ստորագրություն չեմ տվել, քանի որ ինձ ոչ ոք չի հրավիրել, քանզի ես մեղադրյալ չեմ։ Այս աբսուրդը, կամայականության բեսպրեդելը հասկանալու համար այս մանրամասները կարևոր են»,- շեշտեց նա։

Նշենք, որ Արմեն Աշոտյանը պատրաստվում էր մեկնել Լիսաբոն «Եվրոպական ժովովրդական» կուսակցության քաղաքական համաժողովին մասնակցելու համար։ Համաժողովի մեկնարկը լինելու է վաղը, որտեղ Արմեն Աշոտյանը պատրաստվում էր խոսել Արցախի հիմնախնդրի և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին, ինչպես ինքն է շեշտում՝ 1% էլ Հայաստանում ստեղծված հակաժողովրդավարական զարգացումների մասին։