«Ժողովրդավար» Նիկոլի «անհավանական արկածները»

«Ժողովրդավար» Նիկոլի «անհավանական արկածները»

Հայաստանի չորս համայնքներում իշխանությունները փորձում են «խմբագրել» վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Թալինում կրիմինալի օգնությամբ կարողացան համայնքի ղեկավար կարգել ՔՊ անդամ Տավրոս Սափեյանին, սակայն պարզվեց՝ նրա երդմնակալությունն անգամ հնարավոր չէ կազմակերպել, որովհետև ընդդիմությունը կոնսոլիդացված բոյկոտում է ավագանու նիստերն ու քվորում չկա։

Աննորմալ իրավիճակ է, մարդը չունի մեծամասնություն, չի կարողանում անգամ ստանձնել համայնքապետի պաշտոնը, բայց ըստ էության՝ մերժում է նոր ընտրությունների անցկացման հնարավորությունը։ Թալինում այլ հանգուցալուծում, թերևս, հնարավոր չէ։ Բայց մենք ապրում ենք «ժողովրդավար» Նիկոլի «անհավանական արկածների» Հայաստանում։

Գորիսում ՔՊ-ն խայտառակ պարտություն կրեց, բայց իշխանությունն այդ նվաստացման համար շարունակում է վրեժխնդիր լինել ընտրության գլխավոր ֆավորիտից՝ Առուշան Առուշանյանից, որը շարունակում է մնալ ճաղերի հետևում՝ մի մեղադրանքով, որը հիմա հանգիստ կարելի է առաջադրել Նիկոլ Փաշինյանի սանիկ Գարիկ Սարգսյանին, որն աջ-ձախ օգնություն է բաժանում ընտրողներին՝ մարտի 27-ին Վեդիում նշանակված ՏԻՄ ընտրություններում իր ու ՔՊ-ի հաղթանակը ապահովելու համար։

Մենք ապրում ենք «ժողովրդավար» Նիկոլի «անհավանական արկածների» Հայաստանում ու այն, ինչը հանցագործություն է համարվում ընդդիմության պարագայում, «ժողովրդավարական առաջընթաց» է դիտարկվում «կոկորդիլոսագետ քայլողի» դեպքում։

Որպեսզի Վանաձորում ընդդիմադիր Մամիկոն Ասլանյանն ավագանու նիստում համայնքապետ չընտրվի, նրան իշխանությունը պատանդառեց, բայց այս ընթացքում ընդդիմությունից որևէ մեկին չի կարողացել «հավաքագրել»։ Փաշինյանին Վանաձորում օգնության է հասել նրա հին ընկեր Էդմոն Մարուքյանն, ով դատական արհեստական հայցերի միջոցով ձգձգում է ավագանու նիստի հրավիրումը՝ Վանաձորը մատնելով անիշխանության։

Վանաձորում ավագանին նիստ կհրավիրի միայն հուլիսին, որովհետև մենք ապրում ենք «ժողովրդավար» Նիկոլի «անհավանական արկածների» Հայաստանում։

Նույն պատճառով ՏԻՄ ընտրություններում պարտված Վարդենիսի ՔՊ-ական նախկին քաղաքապետը հրաժարվում է կնիքը հանձնել նորընտիր համայնքապետին, ով միասնական ընդդիմությունն է ներկայացնում։
Այ, այսպիսի «առանձնահատուկ» դեմոկրատիա է Հայաստանում։

Վահրամ Բագրատյան