ՔՊ-ն չի հաշվարկում սահմանների բացման տնտեսական և անվտանգային հետևանքները

ՔՊ-ն չի հաշվարկում սահմանների բացման տնտեսական և անվտանգային հետևանքները

ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: Նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերը սահմանել հետեւյալ կերպ «հայ-ադրբեջանական պետական սահմանում՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)» հատվածներում։

Փաշինյանն ու ՔՊ-ականները շարունակում են «խաղաղության դարաշրջանի» կառուցումն Արցախը հայաթափող, Հայաստանը գրավել պատրաստվող ու գրեթե ամեն օր հայ զինվորների վրա կրակող ադրբեջանցիների հետ: Այդ կապիտուլյացիոն քաղաքականության շրջանակներում նախագիծ է շրջանառվում հայ-ադրբեջանական սահմանին անցակետերի ստեղծման կապակցությամբ:

Այդ անցակետերի ստեղծումն ու գործարկումը խթանելու է ադրբեջանական տնտեսական, ժողովրդագրական էքսպանսիան Հայաստանում: «Սոթք» («Քելբաջար») անցակետի միջոցով ադրբեջանցիները կսկսեն տնտեսական էքսպանսիան Գեղարքունիքի մարզում, «Երասխ» («Սադարակ»)-ի միջոցով՝ Արարատյան դաշտավայրում և այնտեղ գտնվող քաղաքներում և գյուղերում, իսկ «Քարահունջ» («Էյվազլի»)»-ի միջոցով՝ Սյունիքում, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համարում է «պատմական ադրբեջանական տարածք»:

ՔՊ-ականները չեն հաշվարկում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացման տնտեսական, ժողովրդագրական, անվտանգության հետ կապված աղետալի հետևանքները: Նրանք ցանկանում են բացել սահմանները՝ ՔՊ-ականների աջակցությունը վայելող մի քանի բիզնեսմենի տնտեսական շահերը բավարարելու համար այն պարագայում, որ հայկական տնտեսության մի շարք ճյուղեր չեն դիմանալու թուրքական էքսպանսիային և մահանալու են:

Թուրք-ադրբեջանական տանդեմը չի ցանկանում տեսնել տնտեսապես ծաղկուն Հայաստան՝ նրանք ցանկանում են տնտեսապես կլանել Հայաստանը, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմն արել է Աջարիայում:

ՔՊ-ի հեռացման պարագայում միայն շանս կստեղծվի կանխել վերոնշյալ աղետալի սցենարը:

Վահրամ Բագրատյան