Ազգակործան որոշում է․ Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկման մասին

Ազգակործան որոշում է․ Սեյրան Օհանյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկման մասին

Այս իշխանությունը ՀՀ-ն ոչ թե անորոշության, այլ վերջնական կործանման է տանում։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով այս պահին ԱԺ-ում ընթացող փակ քննարկման մասին, որի թեման ՀԱՊԿ-ից դուրս գալուն է նվիրված։

Հիշեցնենք, որ Հայաստանում ընդդեմ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարակից ուժերը այս պահին խորհրդարանում հանդիպում են ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: 

Օհանյանի կարծիքով՝ հեշտ չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից ու մտնել մի տարածաշրջանային կազմակերպության մեջ, որը կարող է ապահովել ՀՀ անվտանգությունը։ 

«Այս իշխանությանը պետք է հարց տալ. ի՞նչ եք դուք արել ՀԱՊԿ-ի ամրապնդմամբ ուղղությամբ։ Նախկինում ՀՀ իշխանությունները լուրջ աշխատանքներ են տարել իրավապայմանագրային հենքի ստեղծման ուղղությամբ, ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ։ ՀԱՊԿ-ում բոլոր որոշումների ընդունման ընթացակարգերը զարգացնելու համար պետք է անմիջական կապի մեջ լինել, պետք է լուրջ դերակատարություն ունենալ ոչ միայն բազմակողմ, այլև երկկողմ հարաբերություններում ՀԱՊԿ-ի երկրների հետ, իսկ այսօրվա իշխանությունները լուրջ հարվածներ են հասցրել ՀԱՊԿ-ի ղեկավարությանը՝ փորձելով ձերբակալել Յուրի Խաչատուրովին, քրեական գործեր հարուցել, վատթարացրել են երկկողմ հարաբերությունները»,-ասաց նա։ 

Ըստ Օհանյանի, առանց սեփական ներդրումն իրականացնելու՝ ՀԱՊԿ-ից ակնկալիքներ ունենալը խելամիտ չէ։ 

«Ինձ համար անընդունելի է, երբ դու ոչինչ չես անում, բոբիկ վիճակում ես, բայց ոչինչ չես անում հանդերձավորվելու համար, գնում ու ՀԱՊԿ-ին ասում ես՝ եկեք, մեր սահմաններում մեզ համար խրամատներ փորեք, ամրացրեք մեր պաշտպանությունները․ այդպես չի լինում։ Անընդունելի է առանց մտածելու, հապճեպ, այդպիսի մակարդակներում ազգակործան որոշումներ ընդունելը»,-ամփոփեց նա։ 

Լիաննա Թորոսյան