Աղավնոն շուտով կհոսանքազրկվի, բեռնափոխադրողներն էլ մեծ գումար են ուզում. ինչ իրավիճակ է Աղավնոյում

Աղավնոն շուտով կհոսանքազրկվի, բեռնափոխադրողներն էլ մեծ գումար են ուզում. ինչ իրավիճակ է Աղավնոյում

Արցախի Աղավնո գյուղի բնակիչները պատրաստվում են լքել իրենց տները, բայց դեռ անորոշ վիճակ է, նրանք չգիտեն, թե ինչպես կդասավորվի իրենց ապագան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

Նրա խոսքով՝ գյուղը շուտով կհոսանքազրկվի, կանջատեն նաև հեռախոսային կապերը։ Աղավնոյում ներկայումս ապրում է մոտ 200 մարդ, այդ թվում՝ ավելի քան 70 երեխա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչները ստիպված են լքել իրենց տները մինչև օգոստոսի 25-ը։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, թեև պաշտոնապես ասվում է, որ բնակիչները տարհանվում են «քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շրջանակում»։ Այս բնակավայրերը հարակից են Լաչինի միջանցքին, որը շուտով կանցնի Բաքվի վերահսկողության տակ։

Չավուշյանն ասել է, որ գյուղացիները որոշակի դժվարությունների են հանդիպում, կարիք ունեն կենցաղային, անձնական իրերի տեղափոխման, իսկ բեռնափոխադրողները մեծ գումար են ուզում՝ օգտվելով մեծ պահանջարկից։ Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր կորոշեն տեղափոխվել Երևան, քանի որ հեռավորությունը մեծ է, իսկ տրանսպորտն ավելի թանկ կարժենա։ Գյուղացիները հիմնականում մտադիր են տեղափոխվել ՀՀ Սյունիքի մարզ և Երևան, մոտ 7-8 ընտանիք էլ ցանկանում է բնակություն հաստատել Արցախի Ասկերանի շրջանում, սակայն մինչ այժմ վերջնական որոշում չկա։

Այն, որ բնակիչները պետք է լքեն գյուղը, Չավուշյանը պարզել է մի քանի շաբաթ առաջ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։ Նախորդ օրը գյուղապետարանը շինանյութ էր գնել դպրոցի շենքի մի մասը վերանորոգելու համար, սակայն հետո տեղեկացել են Աղավնոյից հեռանալու Ադրբեջանի պահանջի մասին։

«Քանի որ Հարությունյանը հայտարարել էր, որ Բերձորը չենք կարող պահել, բայց Աղավնոն կմնա, որոշեցինք վերանորոգել դպրոցը։ Բայց հետո եղավ այն, ինչ եղավ»,- ասում է նա։

Կատարվածի մեջ նա տեսնում է պետության պատասխանատվությունը, որը պարտավոր էր բանակ ունենալ, պաշտպանել մարդկանց, բայց չարեց։

Չավուշյանը նաև ասել է, որ մինչև Աղավնոն լքելը տեղի եկեղեցու խաչքարերը հանվում են, քանի որ բնակիչները մտավախություն ունեն, որ ադրբեջանցիները կպղծեն դրանք։