Արցախցիները սեպտեմբերից կենսաթոշակ չեն ստանում, իսկ շատերը 100 հազար դրամը չեն ստացել
Արդեն երրորդ ամիսն է՝ բռնի տեղահանված արցախցիների մեծ մասն ապաստանել է Հայաստանում։
Սոցիալական խնդիրներ, որքան ասես։ Դրանցից ամենացայտունը, թերևս կենսաթոշակների մասին է։
Սեպտեմբերից առ այսօր ոչ մի թոշակառու չի ստացել պետության կողմից տրամադրվող նպաստը։ Արցախցի Լիլիթ Ասրյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խնդրին, գրել է․ «Արդյո՞ք կա մի կոմպետենտ կառույց, որը զբաղվում է արցախցիների խախտված իրավունքների հարցերով»։
MediaHub-ը կապ է հաստատել վերջինիս հետ, ով իր վրդովմունքն է հայտնել՝ ասելով, որ այս պահին, մասնավորապես, հրատապ է Արցախից բռնի տեղահանված կենսաթոշակառու անձանց թոշակների տրամադրման հարցում առկա անգործությունը:
«Մարդիկ սեպտեմբեր ամսվանից ի վեր կենսաթոշակ չեն ստանում: Լավ, մեկը կասի՝ ինչպե՞ս այդ մարդիկ գոյատևեն, եթե չունեն աշխատանք, ապրում են վարձով և պետք է մի շարք ծախսեր կատարեն, որպեսզի գոյատևեն: Քաղաքացիության այս թնջուկը հորինողները ի զորու՞ են իրենք բացատրել՝ ի՞նչ է նշանակում հետևյալ պնդումը։ Ես իրավաբան չեմ, բայց ակնհայտ է, որ մարդկանց իրավունքները աջ ու ձախ ոտնահարվում են: Էլ չեմ ասում, որ հարազատներ ու տուն-տեղ կորցրած, ծանր հոգեբանական վիճակում գտնվող մարդիկ ամբողջ օրն իրենց մոտ եղած վերջին գումարը ծախսելով պետք է դռնեդուռ ընկնեն, որ այդպես էլ իրենց խնդրի լուծումը չստացած գնան տուն»,-ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ այս նույն փնթիությունը տիրում է նաև նպաստների ու սոցիալական աջակցության ծրագրերի հարցում։ Հարյուր հազարից ավելի մարդու սոցիալական ապահովության հարցը պետք է լիներ ամենահրատապը, բայց, ըստ Լիլիթ Ասրյանի, այն գրեթե սեպագիր արձանագրությունների մակարդակում է: Իսկ Հայաստանի իշխանությունը, որը ստանձնել է լուծման պատասխանատվությունը դեռ զբաղված է արբանյակ տիեզերք բարձրացնելու գործով։
MediaHub-ը կապ հաստատեց արցախցի թոշակառու Ժաննա Գրիգորյանի հետ։ Վերջինս ասաց, որ միանվագ օգնությունից ու պետության կողմից տրամադրվող աջակցությունից բացի, ուրիշ ոչինչ չի ստացել։
«Թոշակների հարցով այնքան են խաբել, որ չգիտենք՝ ու՞մ դիմենք։ Իմ տղան նույնիսկ փաստաբանի է դիմել, որն ի զորու չի եղել լուծել հարցը»,- ասաց տիկին Ժաննան։
Մեկ այլ թոշակառու՝ Կարինե Ղարախանյանն էլ ասաց, որ մի տեղից մյուսն են ուղարկում, բայց որևէ մեկը չկա, որ «մեր հարցերին պատշաճ պատասխան տա»։
«Մեզ «ֆուտբոլի գնդակ» են դարձրել, գլորում են մի տեղից մի ուրիշ տեղ։ Առ այսօր մեր ընտանիքը չի ստացել միանվագ տրվող 100 հազար դրամը։ Այնինչ արդեն վճարվում է երկրորդ 50 000 դրամ օգնությունը»,- ասաց նա՝ նշելով, որ հարցին պատասխանում են՝ «մշակման փուլում է»։
Ի՞նչ են մշակում ու մինչև ե՞րբ, բայց իրենք էլ հավանաբար չգիտեն։
Մարիաննա Արամյան