Արմեն Խաչատրյանը թույլտվություն ունի՞ առաջնագծից լուսանկար հրապարակելու․ ՊՆ-ն պետք է արձագանքի․ Գեղամ Մանուկյան

Արմեն Խաչատրյանը թույլտվություն ունի՞ առաջնագծից լուսանկար հրապարակելու․ ՊՆ-ն պետք է արձագանքի․ Գեղամ Մանուկյան

ՀՀ-ում անվտանգային տեղեկատվական քաոս է տիրում, որի առաջին մասնակիցները իշխանական ներկայացուցիչներն են։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ “Հայաստան” խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի գրառումը, որին կից վերջինս լուսանկար էր հրապարակել առաջնագծից։

Նշենք, որ պատգամավորը լուսանկարը մակագրել է հետևյալ կերպ. «Սեպտեմբերի 21-ը մեր անկախության, ինքնիշխանության և անվտանգության երաշխավորների հետ»:

Գրառմանն արձագանքել էր Գեղամ Մանուկյանը՝ ամոթանք տալով իշխանական գործընկերոջը. «Արմեն Խաչատրյան, չեմ դիմանա ու ասեմ՝ ամոթ ունեցեք... այս նկարի համար խոստանում եմ լիարժեք իրավական պատասխան տաք: Սրբություն ունեցեք, Աստծո սիրույն..»,- գրել էր նա։

MediaHub.am-ի հարցին, թե ի՞նչն է Մանուկյանի բարկության պատճառը՝ վերջինս պատասխանեց՝ Հայաստանի անվտանգությունը իշխանությունը խայտառակում է։ Ճշտող հարցին, թե ի՞նչ իրավական պատասխանատվության մասին է խոսքը, պատգամավորը պատասխանեց․

«‎Իրավապահները շատ արագ պետք է արձագանքեն այս ամենին։ Առաջին հերթին ՀՀ ՊՆ-ն, նախարարության համապատասխան ստորաբաժանումները պետք է արձագանքեն, որպեսզի մեր երկրի պաշտպանական համակարգը խայտառակ վիճակում չհայտնվի իշխանական պաշտոնյաների սեփական քարոզչությունն ապահովելու պատճառով»,-ասաց նա։

Մանուկյանի պնդմամբ՝ այն տարածքը, որտեղ լուսանկարվել է Խաչատրյանը, չէր կարելի հրապարակային ներկայացնել։

«‎Որևէ պաշտոնյա իրավունք չունի առանց ՀՀ ՊՆ թույլտվության լուսանկար հրապարակել առաջնագծից»,-նշեց նա և հավելեց՝ եթե ունեցել են իրավունք, ապա այս ամենի պատասխանատուն ՊՆ-ն է։

Լիաննա Թորոսյան