Տոթ է, բուն քարոզարշավն ավելի ուշ կսկսենք․ Մարությանի թիմակից

Տոթ է, բուն քարոզարշավն ավելի ուշ կսկսենք․ Մարությանի թիմակից

Քարոզարշավի մեկնարկը մեր թիմը օգոստոսի 23-ին տվել է  դրամահավաքով։ Իրականում, ավելի ակտիվ քարոզարշավը այլ կերպ ենք մենք պլանավորում, դրա համար մի փոքր լուռ ենք թվում։ Քաղաքացիներին մեր հետագա անելիքների մասին կտեղեկացնենք։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի թիմակից, ավագանու անդամի թեկնածու Գրիգոր Երիցյանը։

Հարցին՝ դասական քարոզարշավ չի՞ լինելու, վերջինս պատասխանեց․

«Բակային հանդիպումներ ևս ունենալու ենք, քաղաքացիների հետ ենք շփվելու, բայց դա պլանավորում ենք մի քանի օրից սկսել, քանի որ դեռ ժամանակ կա, նաև հիմա դրսում բավականին տոթ է, չենք ուզում մեր քաղաքացիներն արևի տակ երկար կանգնեն։ Մեր քարոզարշավը ավելի ակտիվ կլինի սեպտեմբերին, մինչ այդ այլ գործողություններ ենք անելու, որոնց մասին կիրազեկենք»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե Մարությանի լռությունը քաղաքացիներից խուսափել է ընկալվում, Երիցյանն արձագանքեց․

«Չէ, խուսափելու ոչինչ չկա, բայց քարոզարշավը բավականին երկար է տևելու, 17 օր ունենք և առաջիկա 10 օրերին բոլոր վարչական շրջաններ գնալու իմաստ չենք տեսնում: Մյուս ուժերը ճիշտ են համարում հիմա անել, բայց մենք կարծում ենք՝ հանդիպումներն ընտրություններին ավելի մոտ օրերին պետք է լինեն, որն ավելի արդյունավետ ռազմավարություն է»։

Այն դիտարկմանը, որ Մարությանի մոնոներկայացումը ևս քարոզարշավի մի մաս համարվեց, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հնարավոր է, քանի որ կարևոր ուղերձներ էր պարունակում։

«Ներկայացումը հրապարակվեց օգոստոսի 19-ին՝ քարոզարշավից մի քանի օր առաջ, սակայն որևէ արգելք չկար, նույն ժամանակ շատ այլ ուժեր իրենց քարոզարշավը մեկ տարի առաջ են սկսել։ Ներկայացումը մի քանի կորևոր դրույթներ է շոշափում, որոնց վրա էլ կառուցվելու է մեր քարոզարշավը։ Եթե նայել եք, ապա տեսած կլինեք, թե քանի խնդիրներ են բարձրաձայնվել և այդ խնդիրներին անդրադառնալու ենք նաև այս օրերին»,-ընդգծեց Երիցյանը։ 

Խոսելով հանրության դիրքորոշման մասին՝ Երիցյանը նշեց, որ այս ընթացքում ակնհայտ է, որ նախկին քաղաքապետը աջակիցներ ունի, քանի որ, ըստ նրա, անթիվ զանգեր են ստանում, աջակցման առաջարկներ են լինում։

«Քաղաքացիներն ամեն օր մեր թեկնածուին մոտենում են, ոգևորում են, կարծիք են հայտնում, որ ընտրապայքարին մասնակցելը ճիշտ որոշում էր, որովհետև իրենց խոսքով՝ վերջապես այլընտրանք են տեսնում և ներկա-նախկին դիսկուրսից դուրս ալտերնատիվ ընտրության հնարավորություն ունեն, որովհետև մինչ այդ շատերն ասում էին՝ ընտրության գնալ չեն ուզում և հիմա արդեն մոտիվացիա ունեն»,-հավելեց Երևանի ավագանու անդամի թեկնածուն։ 

Լիաննա Թորոսյան