Ինձ ծեծողին պարգևատրելով՝ իշխանությունն իր դեմքն է ցույց տալիս․ զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի հայր

Ինձ ծեծողին պարգևատրելով՝ իշխանությունն իր դեմքն է ցույց տալիս․ զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի հայր

Այս քայլով իշխանությունն իր դեմքն է ցույց տալիս, ապացուցում՝ ինչ է իրենից ներկայացնում օրվա իշխանությունը։

Այս մասին այսօր MediaHub․am-ի հետ զրույցում ասաց Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը, ում «Դիմադրոթյան» շարժման ակցիաների ժամանակ ոստիկաններից մեկը ծեծի էր ենթարկել։ Պարզվում է` տվյալ ոստիկանին՝ Սերոբ Մարգարյանին, վերջին օրերին, ինչպես ոստիկանության շատ պաշտոնյաների, նրան ևս Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրել էին։

Մեզ հետ զրույցում Զավեն Մկրտչյանը հայտնեց իր հիասթափությունն ու զայրույթը՝ նշելով, որ ոստիկաններին նույնիսկ չի խանգարում այն հանգամանքը, որ նա զոհված զինծառայողի հայր է, որի նկատմամաբ վերաբերմունքը, իր համոզմաբ, այլ կերպ պետք է լիներ։ «Ցավալին այն է, որ ես ոչ սադրում էի, ոչ էլ ինչ-որ բան էի անում, պարզապես մայթին կանգնած` հեռվում, տղայիս նկարը ցույց տալով` դիմեցի ոստիկաններին՝ գիտե՞ք տղես քանի թուրք է սպանել։ Դրանից հետո հարձակվեցին վրաս, տպավորություն էր, որ իրենք թուրք են և իրենց եղբայրների վրեժն են ուզում ինձնից լուծել»,- ասաց Զավեն Մկրտչյանը։ Հարցին՝ արդյոք իրեն ծեծի ենթարկելու համար հաղորդում ներկայացրե՞լ է ոստիկանություն, վերջինս նշեց, որ Ֆրանսիայի հրապարակում իր ելույթի ժամանակ հնչեցրած մտքերը դիտարկվել է հենց հաղորդում հանցագործության մասին և ընթանում է քննություն․ «Գործի ընթացքից, սակայն, այս պահին որևէ տեղեկություն չունեմ»,- հավելեց Զավեն Մկրտչյանը։

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ տղան՝ 20-ամյա հաշվարկի հրամանատար Հայկազ Մկրտչյանը, վիրավորում ստացել է Կարմի Շուկայի ճանապարհին թուրքական անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ծննդյան օրը` հոկտեմբերի 31-ին, տղան կոմայի մեջ էր արդեն, մոտ 10 օր կոմայի մեջ լինելուց հետո` նոյեմբերի 9-ի գիշերը, Հայկազ Մկրտչյանը գիտակցության չգալով` անմահացավ։

Մերի Գևորգյան