Ադրբեջանի պլանը, միջանցքը բացել-փակելով, ԼՂ-ն մինչև վերջին հայից ազատելն է․ Փաշինյան
Արդեն մեկ ամիս՝ ԼՂ մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերը փակ են, վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսօր կառավարության նիստի ընթացքում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իսկ այն ժամանակ, երբ հրանոթները չէին կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով։
«Այս անգամ, սակայն, կորոնավիրուսը չէ դպրոցների փակման պատճառը, այլ՝ ադրբեջանական «բնապահպանների» ակցիան։ Ադրբեջանը գազային ճնշման գործիք է կիրառում նաև, ինչը դատապարտելի է։ Երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն էլ է մանկապարտեզների փակման պատճառ»,- նշեց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ նշեց, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի իննի հայտարարության պայմանները, ինչի հետևանքով հումանիտար ճգնաժամն ամբողջ թափով հասունանում է։
«Արցախի բնակչությունն արդեն էլեկտրականության խնդիր ևս ունի, առաջին անհրաժեշտության ապրանքներն էլ մարդիկ կտրոններով են գնում։ Այսպիսով, Արդբեջանը փորձում է կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը։ Ընդ որում, մեր տեղեկություններով, Բաքվի պլանը հետևյալն է՝ տնտեսական ու հոգեբանական ճնշումը հասցնել կուլմինացիոն մի կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը, որ ԼՂ հայերը զանգվածաբար լքեն Արցախը։ Ադրբեջանի պլանը, միջանցքը բացել-փակելով, ԼՂ-ն մինչև վերջին հայից ազատելն է»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։