Ինչով էր պայմանավորված կենսաթոշակային հաշիվների մնացորդների նվազումը․ մեկնաբանում է տնտեսագետը

Վերջին շրջանում քաղաքացիներն ահազանգում են՝ իրենց կենսաթոշակային հաշիվների մնացորդները նվազում են։ ԿԲ-ն պարզաբանեց, սակայն սա քաղաքացիների համար բավարար չէր։ MediaHub.am-ը զրուցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ՝ հասկանալու, թե կոնկրետ ինչն է եղել նման պատկերի պատճառն ու որոնք են լուծումները։
«Հիմնական պատճառներն արդեն մեկնաբանվեցին և այդ խնդրի հիմնական պատճառները ֆինանսական շուկայի առկա տատանումներն էին՝ պարտատոմսերի և բաժնետոմսերի գների նվազումները, և մյուս՝ հիմնական մասով պատճառը դրամի արժևորումն է դոլարի նկատմամբ, ինչի արդյունքում ֆոնդերում վերագնահատում է եղել՝ դեպի ներքև՝ այդ օրվա փոխարժեքներով, այդ օրվա գներով և մեր շատ ֆոնդային ակտիվներ գտնվում են օտարերկրյա գործիքների մեջ ու, պարզ է, որ դոլարի արժեզրկման ժամանակ այդ ակտիվները դեպի ներքև են վերագնահատվելու»,- ներկայացրեց նա։
Ըստ տնտեսագետի՝ այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն փասին, որ ֆոնդերը դեռ բավականին կայունության պաշար ունեն՝ 2014 թվականից սկսած, մոտավորապես, կրկնապատկել էին մեր ներդրումները։ «Սակայն, նախորդ տարվա և այս մի քանի ամսվա զարգացումներով այդ 2 միավորը նվազել է՝ հասնելով մոտ 1․8 միավորի»։
Դիտարկմանը՝ կային վարկածեր, թե բանկերը պարզապես այդ գումարները ներդնում են որոշ գործերի մեջ, բայց ամեն դեպքում, վերադաձվելու է քաղաքացուն, վերջինս պատասխանեց՝ այստեղ քաղաքացուց վերցնելու և վերադարձնելու խնդիր չկա։
«Այստեղ խնդիրն այն է, որ դրանք քաղաքացիների միջոցներն են, որոնք որոշ ֆինանսական գործիքների մեջ են, դրանք կանխիկ չեն, ինչ-որ բանկում կամ սեյֆում դրած չեն, ֆինանսական գործիքների մեջ են, մոտ 35-40 տոկոսով դրանք պետական պարտատոմսերում են, այսինքն, փոխառություններ են` տրված Կառավարությանը, մոտ 30 տոկոսով դրանք բանկերի ավանդներում են, ընթացիկ հաշիվներում են, մնացած մասով, օրինակ՝ 20 տոկոսով, միջազգային շուկաներում են և այս ամենով է պայմանավորված փոփոխությունները»,- ընդգծեց նա և հավելեց, որ երբ դոլարի փոխարժեքը դառնա մոտ 480 դրամի մակարդի, այդ ժամանակ էլ մեր հաշվետվություններում կտեսնենք, որ ներդրումները ևս վերականգնվել են։ «Սա չի նշանակում, որ ինչ-որ մեկը մեզնից վերցրել էր և հետո վերադարձնում է»։
Լիաննա Թորոսյան