Փաշինյանի PR, թե՞ հաշվարկված քայլ

Երեկ առաջին անգամ կայացել են Երևան-Կապան և Կապան-Երևան օդանավով կանոնավոր թռիչքները:
Գլխավոր հարցը, սակայն, որ այժմ հնչում է, հետևյալն է՝ երաշխավորվա՞ծ է արդյոք քաղաքացիների անվտանգությունը Երևան-Կապան-Երևան թռիչքների ժամանակ՝ հաշվի առնելով նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպերը։
Այս հարցի պատասխանը միանշանակ չէ, որովհետեւ առաջին անգամը չէ, որ Փաշինյանի կողմից արվում են չհաշվարկված քայլեր, ինչի հետևանքով ոչ միայն հայտարարված խնդիրը չի լուծվում, այլ նաև թշնամին լարվածության նոր օջախ է ստեղծում: Պատահական չէ, որ երեկ Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ չվերթերից օգտվել են ընդամենը երկուական մարդ:
Մի կողմից, մեր քաղաքացիները չեն վստահում Փաշինյանի հրապարակային հայտարարություններին, մյուս կողմից՝ վերջին օրերին հակառակորդը դիմում է ակնհայտ սադրիչ գործողությունների, ինչի հետևանքով երեկ առաջնագծում զոհ ունենք:
Ցավոք, չկա երաշխիք, որ Երևան- Կապան չվերթերը չեն հայտնվի թշնամական թիրախում, մանավանդ, որ Բաքուն այդ մասին անթաքույց հայտարարում է:
Բացի այդ, մենք ունենք կոնկրետ նախադեպեր ու հիշում ենք, թե ինչպես ադրբեջանական կողմը՝ հետևողական սադրանքներով, նախ կասեցրեց Հայաստանի խոշոր հարկատու Սոթքի հանքավայրի գործունեությունը, ապա նաև Երասխի մետալուրգիական գործարանի շինարարությունը:
Իհարկե, Սյունիքի առաջնագծերը բանավոր պայմանավորվածությամբ Ադրբեջանին հանձնած Փաշինյանը ճգնում է ցույց տալ, որ ստեղծել է մատչելի հաղորդակցություն դեպի Սյունիք, բայց առաջին հերթին՝ պարտավոր է ապահովել թռիչքների երաշխավորված անվտանգությունը:
Վահրամ Բագրատյան