Համացանցը ծաղրում է, թե սրանից հետո sms-ներով հրավիրեք. Սինանյանը՝ Վեհափառի մասին
Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա վեհափառի՝ Երեւանում հոկտեմբերին տեղի ունեցած Համաշխարհային հայկական գագաթնաժողովին չմասնակցելը հանրությունը մինչ օրս քննարկում է։
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, մեկնաբանելով Վեհափառ Հայրապետի չմասնակցելու որոշումը, ասել է, որ Զարեհ Սինանյանն իր տրամաչափով շատ փոքր անձնավորություն է, որպեսզի ինքը վերջին պահին գա եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին բանավոր կերպով հրավիրի:
«Համաշխարհային հայկական գագաթնաժողով կոչված PR ակցիան դա գագաթնաժողով չէր. մենք Գերագույն հոգևոր խորհրդի անդամներով փորձեցինք գտնել որևիցե մեկին, որին որևիցե մեկը ճանաչում էր, չկարողացանք գտնել, բացի Կարո Փայլանից: Չգիտեմ՝ ինչ սկզբունքով էին հրավիրված այդ մարդիկ, որոնց ոչ ոք չէր ճանաչում: Եվ անունը ամպագոռգոռ՝ գագաթնաժողով էր»,-ասել էր Աջապահյանը՝ թերեւս անուղղակի ձեւով հիշեցնելով, որ Սփյուռքի հետ համաժողովին երկու հայ ավանդական կուսակցություններից հրավիրվել էր միայն Ռամկավար ազատական կուսակցությունը, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը` ոչ։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն, այսպես ասած, քմծիծաղով է արձագանքում Աջապահյանի մեկնաբանությանը։
«Անձամբ գնալ հրավիրելը ավելի ցա՞ծր է դասվում, քան նամակով հրավիրելը՞. դա որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Էդ ի՞նչ եկեղեցական կանոնադրություն է, ես ինչի պիտի իրենց օրենքներին ծանոթ լինեմ, ես մարդկային օրենքներով եմ ուղղորդվում, գնալ անձամբ հրավիրելը շատ ավելի մեծ հարգանքի նշան է, քան թղթով։ Ամբողջ համացանցը ծաղրում է, ասում է՝ սրանից հետո sms-ով է պետք իրենց հրավիրել։ Եթե ուզում են էդ մակարդակի կոմունիկացիաներ լինեն, ստիպված պետք է իրենց ցանկությանը ենթարկվենք»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Սինանյանը։
Հարցին, թե այնուամենայնիվ Վեհափառ հայրապետը ինչո՞ւ չմասնակցեց գագաթնաժողովին, արդյո՞ք իշխանության ներկայացուցիչը հոգեւոր դասի այս որոշման տակ քաղաքական ենթատեքստ է տեսնում, Սինանյանը պատասխանեց․
«Վեհափառն ասել է՝ այս կառավարության որեւէ միջոցառման չի մասնակցելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիա Սարգսյան