Աշոտ Փաշինյանի վրա հարձակում գործելու մասին ՊՊԾ-ում տեղեկություն չկա․ MediaHub-ը հարցում է արել

Աշոտ Փաշինյանի վրա քաղաքական շրջանակների կողմից հարձակում գործելու մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո MediaHub-ը փորձեց տեղեկությունը ճշտել Պետական պահպանության ծառայությունից։
Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ուժային կառույց, հարցման մեջ մասնավորապես գրելով հետեւյալը․
«Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի վրա հարձակում գործելու մասին, ֆեյսբուքյան էջում գրելով հետևյալը․
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու»:
ՀՀ պետական պահպանության ծառայության կանոնադարության վարչապետի պետական պահպանությանը առնչվող հոդվածի (Հոդված 6.1.) 3-րդ կետում ասվում է, որ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: Հետեւաբար խնդրում ենք հաստատել կամ հերքել Աշոտ Փաշինյանի վրա հարձակում գործելու մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, տեղեկություն տրամադրել առ այն, թե ի՞նչ գործողություններ է իրականացվել Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ հանդիսացող Աշոտ Փաշինյանի անվտանգությունը կազմակերպելու համար, արդյո՞ք ՊՊԾ աշխատակիցները ոստիկանություն ահազանգել են՝ ենթադրյալ հանցագործի ինքնությունունը պարզելու եւ օրենքի սահմաններում պատիժ կիրառելու համար»։
Հարցմանն ի պատասխան ՊՊԾ-ից գրել են․
«Ձեր կողմից նշված հատուկ պետական պահպանության ենթակա անձի վրա հարձակում գործելու մասին տեղեկություն Պետական պահպանության ծառայություն առկա չէ»։
Մինչև ՊՊԾ-ից կպատասխանեին, Աշոտ Փաշինյանն անձամբ է այսօր հերքել Ալեն Սիմոնյանի տարածած տեղեկությունը։
Լիա Սարգսյան