Գազի գինն էլ բարձրացավ, թեև Փաշինյանն այլ բան էր խոստանում

Նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այս ելույթից անցել է մոտ հինգ տարի, և փաստորեն, գազը ոչ միայն արժեքը չի կորցրել, այլ հակառակը՝ ավելի է թանկացել։ Ապրիլի մեկից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «Գազպրոմ Արմենիայի» հայտը, սակայն իր արած առաջարկների հիման վրա․ ռուսական ընկերությունն առաջարկում էր կապույտ վառելիքի միասնական սակագին՝135.6 դրամը, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինը թողնել անփոփոխ՝ 100 դրամ, իսկ սովորոկան սպառողների համար նոր գին սահմանել։

Վարչապետ Փաշինյանը գազի սակագնի բարձրացումը պայմանավորում է դրա կալորիականության բարձրացման հետ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ քաղաքացիները սպառած գազի որակը չի լավանում, այն նույնն է, ինչ նախորդ տարի, պարզապես այժմ՝ ավելի բարձր գնով։

Նա նշում է, որ գազի գնաճը հստակ ազդեցություն է ունենալու նաև բիզնեսի վրա։ Ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների համար կապույտ վառելիքը թանկացավ շուրջ 3,9, ջերմոցային տնտեսությունների համար՝ գրեթե 4,5 տոկոսով։