Շիրակում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում․ Գագիկ Համբարյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ սկսելու մասին

Շիրակում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում․ Գագիկ Համբարյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ սկսելու մասին

Իմ տեղեկություններով՝ Շիրակի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ սկսելու մասին։

Հիշեցնենք, որ թուրքական լրատվականները հայտնում են, որ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ:

Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքներ։

Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը։

«Հայկական կողմն այդ աշխատանքները միայնակ չէր էլ կարող իրականացնել, որովհետև այդ սահմանը պահվում է ռուսների կողմից։ Հիմա նույնիսկ որևէ աշխատանք չի իրականացվում Կարս-Գյումրի երկաթուղու երկայնքով։ Մի քանի տարի առաջ աշխատանքներ տարվեցին, բայց դրանք աննշան էին ու ոչ լիարժեք։ Եթե աշխատանքներ սկսվեց սահմանները բացելու ուղղությամբ, ապա գոնե պետք է բարվոք երկաթուղի ունենալ․ ոչինչ չի կատարվում հիմա»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե թուրքական կողմը ականազերծման աշխատանքներ է իրականացնում Ամասիային մոտ և հարցին, թե արդյոք արդյունավե՞տ է այդ տարածքում անցակետ տեղադրելը՝ վերջինս պատասխանեց՝ այդ կողմում իմաստ չկա անցակետ դնելու, նախկինում էլ այդտեղ անցակետ չի եղել։

«Հայ-թուրքական սահմանը հիմնականում անցնում է Ախուրյան գետի վրայով և ԽՍՀՄ տարիներին երկու ուղեկալներ են գործել, մեկը՝ Գյումրի-Կարս երկաթուղու հատվածով, մյուսը՝ Մարգարա-Իգդիր կամրջի տարածքով։ Հիմա չեմ էլ հասկանում, թե ինչու են հենց այդ հատվածում աշխատանքներ տարվում, չեմ էլ պատկերացնում, թե ինչ նպատակով է արվում, քանի որ համապատասխան ենթակառուցվածքներ չկան»,-ընդգծեց քաղաքագետը։

Քաղաքագետը շեշտեց, որ ամենահարմար տարբերակներից մեկը Մարգարա-Իգդիր հատվածն է, քանի որ Արաքս գետի վրայի կամուրջը վերանորոգելու դեպքում այն հարմար ավտոմոբիլային ուղի կդառնա Հայաստանը Թուրքիային կապելու համար։

«Չեմ կարծում, որ հիմա որևէ բան է փոխվել և հաշվի առնելով Շիրակի մարզի և Թուրքիայի սահմանամերձ շրջանների ռելիեֆը՝ հնարավոր չէ շատ արագ, հեշտ ճանապարհներ կառուցել»,-ամփոփեց նա։

Լիաննա Թորոսյան